loading...

Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը այս տարի նշվում է ապրիլի 1-ին:

«Զատիկ» նշանակում է անցում չարչարանքներից: Նկատի ունի Իսրայելի որդիների չարչարանքները փարավոնից, հորթին երկրպագելուց (տե՜ս Ելք ԼԲ 19-20), փորձության ջրից (տե՜ս Ելք ԺԷ 6-7), օձերի խայթոցներից (տե՜ս Թվեր ԻԱ 6), Կորխի ապստամբությունից (տե՜ս Թվեր ԺԶ 33-35), և զանազան պատերազմներից: Չարչարանք էր նաև Գաղգաղայում թլփատվելը (տե՜ս Հեսու Ե 2) և մանանայի պակասելը (տե՜ս Հեսու Ե 12), քանզի այնուհետև նրանք պետք է իրենց ճակատի քրտինքով հացը վաստակեին: Այդ պատճառով էլ հրեաները Զատկի տոնակատարության ժամանակ յոթ օր դառնահամ բույսեր և բաղարջ՝ չարչարանացհաց են ուտում՝ որպես հիշատակ իրենց կրած չարչարանքների (տե՜ս Բ Օրենք ԺԶ 3):

Զատիկ նաև անցարան է նշանակում, որպես հիշատակ հրեաների՝ Եգիպտոսից դուրս գալու և Կարմիր ծովով անցնելու: Սա խորհրդանշում է անցումը չարից դեպի բարին, պակասությունից դեպի լիություն, անպիտանությունից և չար գործերից՝ դեպի պիտանություն ու առաքինի վարք:

Զատիկ նշանակում է նաև զատվել, հեռանալ զազիր, անմաքուր ու դժնդակ խորհուրդներից և դառնալ բարու գործակից:

Հարություն

Հարության խորհուրդը մեծապատիվ է ու հրաշալի, քանզի գլուխն է բոլոր տնօրինական խորհուրդների:

Անժամանակ Որդին, փառքերի Լույսը և Հոր Էության նկարագիրը, անճառելի ու անհասանելի Բանն Աստված, Ով Իր անսկիզբ Էությամբ ի սկզբանե Հոր մոտ էր և Համագո է Սուրբ Հոգուն, կամեցավ գտնել կորսվածներին, ժողովել ցրվածներին, դարձի բերել մոլորյալներին, կանգնեցնել գլորվածներին և օտարացածներին վերընծայել Փառքերի Հորը: Այդ պատճառով Քաջ Հովիվն Իր մոլորված ոչխարների համար Իր անձը տվեց:

Եվ այսօր Քրիստոս հարություն առնելով մեռելներից՝ Իր հետ հարություն տվեց նաև մեր մեղքերի ու մահվան մեջ ընկած բնությանը: Այսօր երկիրը երկինք դարձավ: Ներքին աշխարհի բնակիչները դարձան երգակից վերին հոգեղեններին: Այսօր վերին հրաբուն զորքերն ավետիս են տալիս երկրավորներին, որ Հիսուսի հարությամբ լուծարվեց մահկանացուների մահը: Այսօր Հարսին՝ Եկեղեցուն, որ նստել էր սգի մեջ, լուսեղենների լուսազգեստ հույլերը ավետիս են տալիս, որ նրա Փեսան հարություն է առել և գալիս է Եկեղեցուն Իր փառքին պսակելու:

Այսօր զվարթունների դասերը խնդությամբ երևում են տրտմազգեստներին՝ առաքելով նրանց քարոզելու աշխարհին, որ հարություն առավ միշտ Կենդանի Եղողը, ըստ Իր անսուտ խոսքի:

Սա օր է Նոր Արարչության, որը ոչնչով չի զիջում այն օրվան, երբ երկիրը արարչագործվեց: Եթե այն օրն աշխարհը ոչնչից ստեղծվեց, ապա այսօր մեղքերով եղծվածը վերստին արարվեց՝ առավել հրաշափառ քան նախորդ անգամ: Քանզի այս հրաշալի օրը իրենում ունի պատկերն այն Մեծ Միաշաբաթի, երբ Տերը երկինքն ու երկիրը հաստատեց: Այն աշխարհաստեղծ միաշաբաթին հալածվեց զգալի խավարը և ծագեց մեծապայծառ լույսը, իսկ այս միաշաբաթին հալածվեց անգիտության աղջամուղջը, որ ծավալվել էր երկրի վրա, և ամենուր սփռվեց ճշմարիտ աստվածգիտության լույսը: Քանզի Ճշմարիտ լույսը ծագեց խավար գերեզմանում և լուսավորեց խավարում նստածներիս:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here