loading...

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը ԱՄՆ-ում նոր ֆոտոշարք է արել։ Արփին վերջին շրջանում հարցազրույցներ, գրեթե, չի տալիս, սակայն պատմել է ինչպես ֆոտոշարքի, իր համար ֆոտոշոփի թույլատրելի սահմանի, այնպես էլ ստեղծագործական կյանքի այս փուլի, առաջիկա անելիքների ու էկրաններին չերևալու մասին։

«Ֆոտոշարքն իրականացրել ենք շատ տաղանդավոր մի աղջկա` լուսանկարիչ Սեդա Ստեփանյանի հետ։ Երկրորդ անգամ եմ համագործակցում իր հետ։ Ֆոտոշարքին երկար չենք նախապատրաստվել, բայց արդյունքն ինձ դուր է գալիս։ Ես ավելի շատ այս տեսակ, քան երկար նախապատրաստված, ճոխ ֆոտոշարքեր եմ սիրում»,– ասաց Արփին ու հավելեց, որ իր զգեստապահարանից հարմար հագուստ է ընտրել ու Սեդայի հետ ուղևորվել օվկիանոսի ափ, քանի որ այնտեղ գեղեցիկ ու տրամադրող միջավայր էր։ Դերասանուհին հայտնեց, որ ֆոտոշարքն իրականացրել են մեկուկես–երկու ժամում, քանի որ ցերեկային համապատասխան լույսն այնտեղ շատ կարճ է տևում։

Արփին նկատեց, որ փորձել են բնական ֆոտոշարք ստանալ։ Ըստ նրա` ֆոտոշոփի չարաշահումն անընդունելի է։ «Շատ ֆոտոշոփ անելը ճիշտ չեմ համարում, որովհետև մարդը կորցնում է բնությունից իրեն տրված դեմքի կառուցվածքը, միմիկան։ Շատ ֆոտոշոփ չեմ սիրում, եթե այնպիսի ֆոտոշարք չէ, որի թեմատիկան պահանջում է ֆոտոշոփ։ Առհասարակ, ես վստահում եմ մասնագետներին` լինի լուսանկարիչ, ռեժիսոր,– ասաց դերասանուհին ու անդրադարձավ իր հասցեին հնչող մեկնաբանություններին, թե չարաշահում է ֆոտոշոփը։ –Երբ լուսանկար եմ հրապարակում, անկախ նրանից, ֆոտոշոփ արված է, թե ոչ, շատ–շատ են մեկնաբանում, թե ֆոտոշոփը, վիրահատությունները շատ են։ Չնայած ես վիրահատությունների չեմ դիմել, այդ ամենից չեմ նեղվում, որովհետև յուրաքանչյուրն իր կարծիքն ունի։ Նորմալ է, երբ յուրաքանչյուրը կարող է իր կարծիքը հայտնել։ Նորմալ չէ, երբ մի մարդը բոլորին դուր է գալիս»։

«Ֆուլ հաուսի» ավարտից հետո Արփին համեմատական դադարի մեջ է, սակայն այս փուլում էլ չի հանգստանում։ Այժմ նա ներգրավված է ներկայացումներում, որոնք խաղում են Ամերիկայի հանդիսատեսի համար։

«Ես երբևէ չեմ ունենում պասիվ հանգիստ կամ 100 տոկոսանոց գործնական դադար։ Միշտ կան առաջարկներ ու գործեր, ինչն ինձ համար շատ լավ է։ Ես չեմ կարող 2 ամիս նստել ու ոչինչ չանել։ Այդպիսի հանգիստն ինձ համար անտանելի է։ Երբ մեկնում եմ հանգստի, ինձ համար հետաքրքրություններ եմ գտնում, որպեսզի նոր տեղեր գնամ, բացահայտումներ անեմ։ Չեմ սիրում ժամանակս ուղղակի սպառել։ Չնայած «Ֆուլ հաուսի» նկարահանումներով ու ներկայացումներով հագեցած երեքուկես տարվա ընթացքում, իսկապես, շատ խիտ գրաֆիկով ենք աշխատել, և բոլորս գերհոգնած էինք, ԱՄՆ–ում վերջին համերգներից վերադառնալուց 1 օր անց գնացել եմ ներկայացման փորձերի։ 1 ամիս փորձ ենք արել ու մեկնել ԱՄՆ և Կանադա համերգային շրջագայության։ Շատ լավ ներկայացումներ ունեցանք»,– պատմեց Արփին, ով Աշոտ Ղազարյանի և Ռաֆայել Երանոսյանի հետ խաղացել է Արշալույս Հարությունյանի բեմադրած «Երգ Հայաստանի» ներկայացման մեջ, որը նախատեսված էր ԱՄՆ–ի և Կանադայի լսարանի համար։

Առաջիկայում ևս դերասանուհին Մարջան Ավետիսյանի հետ մեկնելու է ԱՄՆ` այս անգամ խաղալու Վահիկ Փիրհամզեի ներկայացման մեջ։ «Մայիսին կմեկնենք այդ ներկայացումներին։ Հունիսի 1–ին և 3–ին կխաղանք մեր շատ սիրելի ամերիկաբնակ հայ հանդիսատեսի համար»,– նշեց նա։

Թեև այս փուլում Արփիի հիմնական անելիքները կապված են ԱՄՆ–ի հետ, դերասանուհին Երևանում ևս աշխատանքներ ունի։ Շուտով Արփին երաժշտական նորություն կներկայացնի, այժմ աշխատում է նոր երգի վրա, որի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու մտադրություն ունի։

«Հուսամ, կհասցնեմ տեսահոլովակ նկարահանել մինչև ԱՄՆ մեկնելս։ Ուզում եմ այս ժամանակահատվածը, որն ինձ համար գործնական առումով փոքր–ինչ հանգիստ է, օգտագործել երաժշտական նորությունների համար, որովհետև, սովորաբար, ժամանակ խնդիր եմ ունենում»,– ասաց երգչուհին։

Ինչ վերաբերում է հաղորդավարական գործունեությանը, Արփին նկատեց, որ իր համար ինքնանպատակ չէ էկրանին լինելը։ Կցանկանա վարել այնպիսի հաղորդում, որտեղ ասելիք կունենան։ «Ես չեմ ուզում ինչ–որ բան անել ուղղակի երևալու համար։ Երևի, ապագայում կլինի հետաքրքիր մի նախագիծ, որում կհասկանամ, որ անելիք ունեմ, բայց առայժմ ինձ համար չկա հարմար ու ճիշտ առիթ, որ ներկայանամ որպես հաղորդավարուհի»,– եզրափակեց Արփին։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here