loading...

Վաղը՝ ապրիլի 7-ին, երգիչ Արամեն կներկայացնի նոր՝ «Ты лучшая» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է: «Ты лучшая» երգն ու տեսահոլովակն Արամեն նվիրել է կնոջը՝ երգչուհի Աննա Թովմասյանին: Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին էլ հենց նա է: Սա այն դեպքն էր, երբ նկարահանման հրապարակում սեր խաղալու կարիք չկար, քանի որ հերոսներն իրական են, զգացմունքները` ևս:

Tert.am Life-ի հետ զրույցում Աննան խոսել է ամուսնու յուրատեսակ նվերի, իր զգացողությունների ու տեսահոլովակի նկարահանումների մասին: «Ի սկզբանե, Արամն ասում էր, քանի որ երգի անունը «Ты лучшая» է, ամենաճիշտ լուծումը կլինի այն, որ տեսահոլովակում ես նկարահանվեմ՝ որպես գլխավոր հերոսուհի: Իհարկե, դա շատ հաճելի էր, ես շատ զգացված եմ»,-ասաց Աննան:

Հատկանշական է, որ Արամեն նոր տեսահոլովակը ներկայացնում է Մայրության և գեղեցկության տոնին, որը կինն առաջին անգամ նշում է մայրիկի կարգավիճակով։ Նրանց փոքրիկը` Աննա Մարիան, տասն ամսական է։

Աննան նշեց, որ նկարահանումների ընթացքում ամեն զգացմունք ապրել է՝ հուզմունք, սեր: Երգչուհու խոսքով` վերապրել են նաև իրենց հարսանեկան արարողության օրը, քանի որ տեսարաններից մեկում Աննան հարսի զգեստով է: Նա անկեղծացավ, որ տեսահոլովակում հագել է այնպիսի հարսանեկան զգեստ, ինչպիսին պատկերացրել է, սակայն չի հագել իրենց իրական հարսանիքի ժամանակ:

«Թեև մեր պսակադրության արարողությունը մեզ համար շատ կարևոր էր, մենք այնքան բուռն չէինք պատրաստվել մեր հարսանիքին, ինչպես պատկերացնում էինք, ուստի` ես նախընտրեցի շքեղ հարսանեկան զգեստի փոխարեն հագնել հասարակ սպիտակ զգեստ: Այս անգամ հագա այնպիսի շքեղ զգեստ, որն ինձ իսկապես շատ դուր եկավ: Ես ու Արամեն մեզ զգում էինք հարս ու փեսա: Շատ գեղեցիկ օր ունեցանք: Վերապրեցինք օր, որը մեզ էր նվիրված»,- նշեց երգչուհին:

Ինչպես պարզ է դառնում տեսահոլովակի թրեյլերից, Աննայի մասնակցությունը տեսահոլովակում նաև լուսանկարների տեսքով է եղել: Տեսահոլովակի սյուժետային զարգացումը բացահայտել Աննան չցանկացավ:

Աննան նշեց, որ առաջնեկի ծննդով իրենց սերը ոչ թե ավելացել կամ պակասել է, այլ իրենց կյանքում ամեն ինչ փոխվել է: «Մեր ընտանիքը, առօրյան ու կյանքն ավելի լիարժեք դարձան: Եթե նախկինում մենք արթնանում էինք` մեկ գավաթ սուրճ ըմպելով, հիմա արդեն մեզ արթնացնում է մեր բալիկը` իր ժպիտով ու մենք միանգամից ունենում ենք հրաշալի տրամադրություն»,- եզրափակեց Աննան:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here