16։26

Քաղաքական հանգուցալուծման պարագայում տնտեսությունում արագ և արդյունավետ փոփոխություններ են լինելու. Նիկոլ Փաշինյան

Ես որևէ վայրկյան չեմ կասկածում, որ քաղաքական հանգուցալուծման պարագայում մենք շատ արագ տեսնելու ենք շատ լուրջ արդյունքներ: Տնտեսության բնագավառում արագ և արդյունավետ փոփոխություններ են լինելու: Այս մասին այսօր «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը հարց բարձրացրեց, թե ժողովուրդը ե՞րբ է լավ ապրելու, ե՞րբ են ստեղծվելու նոր աշխատատեղեր, ե՞րբ են բացվելու նոր լուրջ արտադրություններ. «Շարժման յուրաքանչյուր օրը առնվազն երկու ամսով մեր տնտեսությունը հետ է շպրտել: Այս իրավիճակից դուրս գալու համար, թե ներդրումների հարցով, թե արտադրությունների կազմակերպելու հարցով դուք հնչեցրել եք, որ իշխանությունների կողմից սխալ քաղաքականություն է վարվում:

Սա և «Նաիրիտի» գործարկման հետ կապված, ե՞րբ է աշխատելու «Նաիրիտը»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ փորձագիտական մակարդակով չի տիրապետում «Նաիրիտ» գործարանի խնդրին և չի կարող այդ հարցին ուղիղ պատասխանել:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե շարժման ամեն օրը երկու ամսով հետ է շպրտում տնտեսությունը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շարժման ամեն օրը նաև մեծ պոտենցիալ է կուտակել Հայաստանի տնտեսության էական և թռիչքաձև զարգացման համար:

«Եթե օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության պայմանները ապահովվեն, ինչը շարժման հիմնական գաղափարներից մեկն է, համոզված եմ, որ ՀՀ-ում լրջագույն ներդրումներ են արվելու, առաջին հերթին հենց հայկական շրջանակներից այդպիսի ազդակներ արդեն իսկ կան: Մեր ամեն բաց թողնված օրը և ամիսը շատ արագ կկոմպենսացվի, եթե իհարկե արագ կարողանանք հասնել հանգուցալուծման և անցնել արդեն բարձրացված օրակարգի կոնկրետ խնդիրների լուծմանը»,- ասաց Փաշինյանը:

Պատասխանի արձագանքի ժամանակ Մելիքյանը հայտարարեց, որ տնտեսության թռիչքների մասին մի քանի տարի առաջ էլ ենք լսել: Նրա կարծիքով՝ դա հեքիաթների ժանրից է. «Ես ավելի մեղմ արտահայտվեցի երկու ամսով հետ ընկնելը: Ես հասկացա, որ ժողովուրդն առաջիկա 7-8 տարիների ընթացքում լավ ապրելու մասին պետք է հույսեր չփայփայի»,- նշեց Գագիկ Մելիքյանը:

Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ական պատգամավորին նախ խնդրեց հուսահատություն չսերմանել և չքարոզել քաղաքացիների շրջանում. «Եթե մի բան չի հաջողվել մինչև հիմա, չի նշանակում, որ չի հաջողվելու նաև սրանից հետո»։

Նիկոլ Փաշինյանը նաև նկատեց, որ շարժմանը ողջունել են բազմաթիվ տնտեսվարողներ և եթե նրանց վնաս լիներ քաղաքական այս գործընթացը, նրանք այդպես չէին վարվի:

«ՀՀ-ում տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտը արդարության և օրենքի իշխանության բացակայությունն է: Սրանք այն անհրաժեշտ պայմաններն են, որոնք կապահովեն Հայաստանի կայուն զարգացումը»,- հայտարարեց Փաշինյանը:

16։17

Ի՞նչ փոխվեց այս 6 ամսվա ընթացքում, երբ ԵԱՏՄ անդամակցության գնահատականները չեն նչում նախկինի պես. Ա. Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս նախ նկատեց, որ գրեթե հանրահավաք չի եղել,  որտեղ թեզեր չեն առաջադրվել արտաքին քաղաքականության վերաբերյալ:

Արմեն Աշոտյանը մեջբերեց հենց նույն սենյակում Նիկոլ Փաշինյանի նախկինում արած տարբեր հայտարարություններ, ըստ որի` Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «ԵԱՏՄ կազմում ՀՀ-ի մնալու միակ հիմնավորումը շանտաժն է», «ԵԱՏՄ-ն բացի վնասից, ոչ մի օգուտ չի բերել Հայաստանին», ««Ելք«-ը իշխանություններին 10:02 հաղթեց փաստարկներով՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առումով», «ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանը տարածքներ է կորցրել»:

Արմեն Աշոտյանի առաջին հարցն այն էր, թե ի՞նչ փոխվեց այս 6 ամսվա ընթացքում, երբ ԵԱՏՄ անդամակցության գնահատականները չեն հնչում նախկինի պես: «Երկրորդ` Դուք միայնակ չեք, և շարժումն ունի քաղաքական թիմ, և այդ թիմում շատ են արևմտյան հայացնքներ ունեցող գործընկերներ, որոնք չնայած Ձեր հայտարարություններին, տարածում են հակառուսական մեսիջներ»,-ասաց նա:

Արմեն Աշոտյանը հիշեցրեց նաև Նիկոլ Փաշինյանի այն գնահատականը, թե  ԵՄ-ի հետ Հայաստանի համաձայնագիրը ջուր է և պետք է պատրաստվի ասոցացման և ազատ առևտրի մասին նոր համաձայանգիր: Նա հարցրեց, թե արդյոք նա մտադրություն ունի՞ զրոյացնել ստորագրված համաձայնագիրը և ստորագրել նոր համաձայանգիր, որը կհակասի ԵԱՏՄ-ին:

Նիկել Փաշինյանը պատասխանելով հարցերին՝ ասաց, որ  ունեն նոր քաղաքական իրողություն, և ցանկացած քաղաքական և պետական գործիչ պետք է հաշվի նստի նոր իրողությունների հետ: «Ընդհանրապես մեր շարժման հետ կապված ռուսամետ, արևմտամետ, ամերիկամետ սխալ ձևակերպումներ կան, բայց շարժումը հայամետ է: Ձեր ցանկացած այդպիսի տպավորություն թյուր է, քանի որ սա մաքուր հայկական շարժում է»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ՝ բոլոր գործընկերների հետ պետք է զարգացնել հարաբերությունները, բայց դա չպետք է անել մեկը մյուսի հաշվին: «Որքան էլ Ձեր գնահատականն այլ լինի, որևէ ուղղությամբ պոտենցյալը ճշգրիտ և ամբողջովին չի օգտագործվել, և դա, ըստ էության, մենք կփորձենք անել»,-ասաց նա:

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի պատասխանին՝ Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանի ասածներից ևս մեկ մեջբերում ներկայացրեց, որում նշել էր, թե Ապրիլյան պատերազմն Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու մասին էր: «Ես կարծում եմ, որ երբ որ ՀՀ երրորդ նախագահ ընտրված վարչապետը հրաժարական էր տալիս և իր հայտնի հայտարարության մեջ ասաց` Նիկոլը ճիշտ էր ես սխալվեցի, այս բոլոր հարցերի պատասխանը կարելի էր փակել, որ այս դեպքում Սերժը ճիշտ էր, Նիկոլը սխալվեց, և չասել, որ իրավիճակ է փոխվել»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա դեռ իր հրաժարակի տեքստը չէ:

Շարունակելով՝ Արմեն Աշոտյանն ասաց. «Ես ունեմ իմ կարծիքը այդ հայացքների կտրուկ շրջադարձերի մասին, այն քաղաքական համատեքստում եմ գնահատում, պարզապես փաստեմ՝ այս շրջադարձը մասնագիտացված առումով ինձ համար համոզիչ չէ»:

Նիկոլ Փաշինյանը պատաասխանեց կրկին, որ  քաղաքական իրողություններ կան, և կարող է տասնյակ դեպքեր նշել, երբ քաղաքական իրողություններն ավելի ծանրակշիռ են գտնվում պետության  և իշխանության ղեկին գտնվող անձանց համար, քան թե դրանից առաջ նրանց արած հայտարարությունները, որոնք եղել են այս կամ այն կոնտեքստում: «Այսինքն՝ պետության կառավարումը իրողությունների հետ աշվի նստելու և որոշակի վերաբերմունք ձևակերպելու մասին է, և մենք բոլոր առումոներով խնդիրը դիտարկում ենք այս տեսանկյունից»,-հավելեց նա:

16։06

Կառավարության ապագա կազմը կձևավորվի՝ կախված նրանից, թե վաղը քվեարկությունը քաղաքական ինչպիսի պատկեր ցույց կտա. Նիկոլ Փաշինյան

Մենք բոլորս պարտավորված ենք այնպիսի ելքեր փնտրել, որոնք հանրության մոտ վաղվա օրվա նկատմամբ հույս կառաջացնեն։ Այս մասին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը։

«Բոլոր տեսակի խոստումների իրականացման գործիքը կառավարությունն է։ Կա պաշտոնյա, որն ունի իր ընկալումները և փորձում է որոշումներ կայացնելու միջոցով դրանք իրականացնել։ Այս առնչությամբ ինձ հետաքրքիր է՝ ովքե՞ր են լինելու կառավարության ձեր անդամները, ո՞վ է լինելու ձեր առաջիկ տեղակալը, արտաքին գործերի, ֆինանսների նախարարը։ Կախված նրանից, թե ովքեր կլինեն այս պաշտոններում, պարզ կլինի, թե արդյո՞ք կիրականան ձեր խոստումները, թե ոչ»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ որոշումների կայացման մեխանիզմը սուբյեկտիվ է, բայց դրանք պետք է լինեն առավելագույնս քննարկված:

«Պետության կայացվածության մակարդակը որոշվում է նրանով, թե որքանով են սուբյեկտիվ ընկալումները հակակշռված ինստիտուտների ձևավորած եզրակացություններով: Ես չեմ ասում, որ մարդը սխալական է, ինստիտուտը՝ ոչ, բայց ես կարծում, որ մարդու սխալվելու հավանականությունը մեծ է»,- նշեց վարչապետի թեկնածուն:

Պատգամավորի խոսքով՝ եղել է ֆորսմաժորային իրավիճակ և կառավարությունը ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործիք պետք է լինի:

«Եթե սա լիներ սովորական ընտրական պրոցես, տրամաբանությունն այլ կլիներ, բայց առաջին հերթին պետք է արձանագրվի այն շրջանակը, որը կդառնա վարչապետի ընտրության իրականացնողը: Կառավարության կազմը պետք է ձևավորվի այդ շրջանակի հետ քննարկումների արդյունքում: Մեր նպատակը համերաշխության մթնոլորտի ձևավորումն է: Կառավարության ապագա կազմը կձևավորվի՝ կախված նրանից, թե վաղը քվեարկությունը քաղաքական ինչպիսի պատկեր ցույց կտա»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Նա շեշտեց, որ իրենց ձգտումն է ձևավորել համաձայնության կառավարություն։

Խոսրով Հարությունյանն ասաց, որ միայն վարչապետի ֆիգուրը բավարար չէ խոստումները, ծրագրերը իրականացնելու համար։ Նա հորդորեց հնչեցնել կառավարության առանցքային ֆիգուրների անունները։

«Սահմանադրությունը չի սահմանում կառավարության կազմը հրապարակել, հետո որոշել վարչապետին։ Մենք տրամադրված չենք, որ կառավարության կազմով արձանագրենք կողմերից որևէ մեկի հաղթանակ կամ պարտություն։ Վաղվա քվեարկության արդյունքներով եթե կընտրվի վարչապետ, հստակ կհասկանանք կողմ քվեարկողի մոտիվացիան։ Մենք չենք գալիս կադրային ջարդ անելու, ոչ մերոնքականներին մերոնքականներով փոխելու»,- նշեց նա։

15։55

ՀԱՊԿ-ում շատ օգտակար կլինի ռազմական անվտանգության ոլորտում փոխադարձ դաշնակցային հարաբերությունների ճշգրտումը. Նիկոլ Փաշինյան

ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հարցեր ուղղեց Նիկոլ Փաշինյանին: Նա հիշեցրեց ընդդիմադիր գործչին, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու գործընթացը կասեցնելու հայտարարության ժամանակ Փաշինյանը տարակուսանք էր հայտնել, թե ի վերջո ինչի՞ համար է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։

Սամվել Ֆարմանյանը մասնավորապես խնդրեց բացատրել հանրությանը, թե ինչ փաստարկների հիման վրա է այդպես մտածում, և վարչապետ ընտրվելու դեպքում պատրաստվո՞ւմ է բարձրաձայնել ՀԱՊԿ անվտանգության խորհրդում այդ հարցերը, փորձելո՞ւ է պարզել, որ եթե օրինակ Մովսես գյուղի նկատմամբ Ադրբեջանը որոշի կրակել, ի՞նչ քայլեր են լինելու ՀԱՊԿ-ի կողմից:

ՀՀԿ խմբակցության պատգամավորը հիշեցրեց նաև Փաշինյանի խոսքերը Բելառուսի և Ղազախստանի՝ Ադրբեջանի հետ մտերիմ հարաբերությունների և այն դիտարկման մասին, թե դեռ նաև պետք է պարզել՝ Ռուսաստանը մե՞ր ռազմավարական, դաշնակցային գործընկեր է, թե՞ Ադրբեջանի:

«Հիմա որոշե՞լ եք»,- հարցրեց Սամվել Ֆարմանյանը:

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց․ «Եթե նկատել եք, մեր շարժման ընթացքում արտաքին քաղաքականությանը շատ անդրադարձներ չեն եղել, մենք ընդգծել ենք, որ մեր շարժման հիմում որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ չկա: Իսկ որ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ են, իրողություններ են, և դրա հետ պետք է հաշվի նստենք»»:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, Նիկոլ Փաշինյանը նշեց՝ շատ հստակ է, որ ՀԱՊԿ-ում շատ օգտակար կլինի փոխադարձ դաշնակցային հարաբերությունների ճշգրտումը ռազմական անվտանգության ոլորտում:

«Ոչ միայն ռազմաքաղաքական ոլորտում, այլև ռազմական անվտանգության ոլորտում, և կարծում եմ, որ կան հարցեր, որ մեր հանրության համար բաց են, կարծում եմ՝ Ղազախստանի հանրության, Ռուսաստանի հանրության համար էլ բաց են: Կարծում եմ, որ փոխադարձաբար պարտավորվածությունները պետք է արձանագրենք»,- ասաց նա:

Սամվել Ֆարմանյանը նորից ճշգրտեց՝ որպես վարչապետ, ՀԱՊԿ-ի հաջորդ նիստում Նիկոլ Փաշինյանը պատրաստվու՞մ է բարձրաձայնել այն հարցերը, որոնք ժամանակին, որպես ընդդիմադիր պատգամավոր էր բարձրացնում ԱԺ-ի ամբիոնից:

«Կարծում եմ, որ առաջիկա նիստը կունենա իր օրակարգը, մենք կպարզենք՝ արդյո՞ք կարող ենք մեր հարցերն էլ քննարկել: Մենք խնդիր չենք դնում ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու, բայց մենք ասում ենք, որ կան խնդիրներ, և մեր մոտեցումն այն է, որ այդ հարցը պետք է քննարկենք, բարձրացնենք գործընկերության մթնոլորտում, ոչ թե կոնֆլիկտների գնալու համար, այլ կազմակերպությունն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- ասաց Փաշինյանը:

15։49

Այս պահին Փաշինյանն ապացուցեց, որ ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը բխում էր պետական շահերից. Է. Շարմազանով

«Հանրապետական» խմբակցության և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ կողմնորոշում ունեն արտաքին քաղաքականության հարցում:

«Գաղտնիք չէ, որ «Ելք»-ը տարիներ շարունակ քննադատել է ՀՀԿ-ի արտաքին քաղաքականությունը, երբեմն խիստ, մասնավորպես՝ ԵԱՏՄ-ի անդամակցության համար, նաև նախաձեռնել գործընթաց դուրս գալու համար: Ես ցանկանում եմ անկեղծորեն հարց տալ, հիմա մենք Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածներին հավատանք, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, և արդյոք վարչապետի թեկանծուի քայլը կտարբերվե՞ր ընդդիմադիր պատգամավորի քայլերից»,-հարցրեց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին օրերին ինքը հստակ ասել է, որ ՀՀ-ն դուրս չի գա ԵԱՏՄ-ից: «Ես ինքս դեմ եմ եղել, բայց այդուհանդերձ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և լինելով պետական գործիչ, պետք է հաշվի նստենք իրողությունների ու փաստերի հետ: Ցանկացած քաղաքական գործիչ պետք է հենց այդպես էլ վարվի»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ արտաքին քաղաքական բնագավառում կտրուկ շրջադարձերը վտանգավոր կլինեն երկրի համար: «Քաղաքական գործիչները պետք է առաջնդովեն ոչ թե քմահաճույքներով, այլ ազգի շահերով»,-ասաց Փաշինայնը և հավելեց, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու հայատարություն անելով, երբ ընդդիմության ներկայցուցիչ ես, հնարավորություն  չունես եղած խնդիրները վեր բարձացնել և հավասար պայմաններում քննարկել, պետք է փոխադարձ հարգանքի  մթնոլորտում ընդդիմության ձայնը հաշվի առնելով՝ լուծել խնդիրները: «Նույն հիմնավորումներով, այո´, էլի եմ ասում, որ ՀՀ վարչապետ ընտրվելու պարագայում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չի բարձրացվելու, դա չի նշանակում, որ  խնդիրներ չկան, պետք  է քննարկել ու հասնել լուծումների»:

Շարմազանովն արձագանքեց, թե Նիկոլ Փաշինյանը չհամոզեց իրեն, քանի որ այն կարծիքին չէ, որ ընդդիմության խոսքը պակաս կարևոր էր, քան իշխանության և հավելեց, թե միայն իշխանությունը չի առաջնորդվում պետական շահերով:

Շարմազանովը հայտարարեց, թե այս պահին Փաշինյանն ապացուցեց, որ ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը բխում էր պետական շահերից:

15։31

Խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է խաղաղության մթնոլորտ. Նիկոլ Փաշինյանը՝ ԼՂ հակամարտության մասին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին որքան հնարավոր է շուտ պետք է տեղեկացվեմ: Այս մասին «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը հարցրեց՝ որքա՞ն ժամանակ կպահանջի, որ նա ընդգրկվի ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի մեջ:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ԼՂ հակամարտության կարգավորումը, բանակցությունները պետք է տեղավորվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

«Կարծում եմ, որ հարցին պետք է տիրապետել հնարավորինս կարճ ժամկետներում: Մեթոդաբանությունն էլ պետք է լինի ինստիտուցիոնալ: Կան համապատասխան ինստիտուտներ, որոնք պետք է հոգ տանեն, որ վարչապետ ընտրվելուց հետո ես տիրապետեմ ինֆորմացիային»,- ասաց Ն. Փաշինյանը:

Խոսելով հակամարտությունից՝ պատգամավորն ասաց, որ այն հռետորաբանությունը, որը օգտագործվում է Ադրբեջանի ներկայիս իշխանությունների կողմից, մթնոլորտ չի ստեղծում հակամարտության կարգավորման համար:

«Խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է խաղաղության մթնոլորտ: Դժվար է բանակցել մեկի հետ, ով ժամանակ առ ժամանակ սպառնում է ագրեսիվ գործողություններ ձեռնարկել Հայաստանի այս կամ այն հատվածի նկատմամբ: Վերջին «գլուխգործոցը» Երևանի նկատմամբ նկրտումներն էին: Միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ նման պայմաններում խոսել կարգավորման մասին՝ ռեալ չէ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ ազգային զարթոնքը, որը տեղի ունեցավ, կուժեղացնի Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում:

Կարեն Բեքարյանը հորդորեց Փաշինյանին վարչապետ ընտրվելիս արագ ներգրավվել բանակցային գործընթացում: «Երբ լիարժեք լինեք պրոցեսի մեջ, միգուցե կարիք կլինի նաև փակ ձևաչափով քննարկումներ անել»,- առաջարկեց Կարեն Բեքարյանը:

15.19

Մեր խնդիրն է փակել «քաղաքական թշնամանքի էջը». Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ խմբակցության հետ հանդիպմանը 

Վերջին 10 օրերի ընթացքում բուռն իրադարձություններ են տեղի ունեցել: Ուրախ եմ, որ ներքաղաքական ճգնաժամը քննարկումների միջոցով հաղթահարելու հնարավորություն կա: Հայաստանում արձանագրված է քաղաքական ճգնաժամ: Այս մասին «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետի թեկնածու, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Բարձր ենք գնահատում քննարկման այս հնարավորությունը: Վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները պոզիտիվ էներգիա են կուտակել: Քաղաքական բոլոր ուժերի խնդիրն է այդ էներգիան ծառայեցնել Հայաստանի ապագային: Սա քաղաքական բավական բուռն պրոցես էր, և հասկանալի է, որ դրա կողմերից մեկը մենք էին, մյուսը՝ ՀՀԿ-ն:

Ուրախ եմ, որ լարվածությունը մեզ չի խանգարում աշխատանքային հանդիպումներ ունենալ»,- ասաց Փաշինյանը:

Նա ասաց, որ իրենց խնդիրն է փակել «քաղաքական թշնամանքի էջը», և ՀՀԿ-ն ունի հնարավորություն մասնակցել համերաշխության մթնոլորտի հաստատմանը:

«Այս քաղաքական պրոցեսի արդյունքում մենք կունենանք ոչ թե հաղթողներ կամ պարտվողներ, այլ համազգային հաղթանակ, եթե համերաշխություն հաստատենք: Լավատեսության և ապագայի նկատմամբ վստահության հաստատումը կլինի այս գործընթացի հաղթանակներից մեկը»,-ասաց նա։

14։53

Այս պահին Ազգային ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Փաշինյանը հանդիպում է ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ:

Ազգային ժողովում «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտվանից հանդիպումներ է ունենում խորհրդարանական ուժերի հետ: Առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպել է իր՝ «Ելք» խմբակցության պատագամավորների հետ, այնուհետև նա հանդիպել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հետ, որին հաջորդել է ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումը:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամներն ասել են, որ իրենք կողմ են քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

Հարցին՝ ինչի՞ դիմաց են կողմ քվեարկելու, արդյո՞ք եղան պայմանավորվածություններ, Փաշինյանը պատասխանեց, թե նման թեմաներ չեն քննարկվում, ավելին՝ այս պահին նման հարցեր քննարկելն ինքը ճիշտ չի համարում:

Ինչ վերաբերում է «Ծառուկյան» խմբակցության մտահոգություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Նրանց մտահոգությունները նույնն են, ինչ բոլորինը՝ կապված երկրի ապագայի հետ: Անձամբ իմ թեկնածության հետ կապված մտահոգություն չունեն, հակառակը՝ մենք ֆիքսեցինք, որ այս ժամանակաշրջանը մեծ հնարավորություն է ՀՀ-ի համար, որ մեծ ճեղքում ունենանք և երկիրը կարողանանք արագ, կայուն զարգացման ռելսի վրա դնել»։

ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մենք ունենք ընդհանուր պատկերացում, թե ինչպես է պետք հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը: Դրանից հետո իրադարձությունների մասին մտքեր փոխանակեցինք մոտեցումների փիլիսոփայության շուրջ: Փիլիսոփայությունն այն է, որ պետք է փորձենք ստեղծել աշխատանքային մթնոլորտ: Հավանական պաշտոնների և կոալիցիոն գործընկերության հարց չի քննարկվել»,-ասաց Փաշինյանը:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here