Մենք պետք է ձևավորենք մեկս մյուսին լսելու քաղաքական մշակույթը, «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

«Ուզում եմ անպայման լսված լինի իմ ասածը: Ասվում է`«բանակցությունների ժամանակ իմ օրակարգն է, այլ օրակարգ չկա, միակ վարչապետը ես եմ, կամ ոչ մեկը…»: Մենք խոսում ենք ժողովրդավարության մասին, բազմակարծության մասին, մեկս մյուսին լսելու մասին, հանդուրժողականության մասին, Սահմանադրության, պառլամենտական երկրի մասին. սա մոնոպոլիայի է նման, քաղաքական դաշտի մոնոպոլիայի», — ասաց Կարեն Կարապետյանը:

Նա նշեց` խորը հարգանքով է վերաբերվում քաղաքացիներին, որոնք իրենց անվստահությունը, անհամաձայնությունը, դժգոհությունն են արտահայտում.

«Եվ որ խաղաղ է անցնում ամեն ինչ, փառք Աստծո, ու հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի: Մենք պետք է ձևավորենք այդ քաղաքական մշակույթը, որ մեկս մյուսին լսենք: Հիմա մի տեղում հավաքված մեր քաղաքացիներն ասում են` վարչապետն այսինչն է, մեկ այլ տեղում հավաքված մեր ժողովուրդը, քաղաքացիներն էլ եթե ասեն վարչապետն այ այսինչն է, ի՞նչպես ենք ընտրելու՝ ո՞րն է վարչապետը: Այդ իսկ պատճառով կա հարթակ, որտեղ վարչապետն իր ծրագիրը պետք է ներկայացնի: Կարծում եմ` պարոն Փաշինյանն ունի ծրագիր՝ ինչպիսի՞ երկիր է ուզում կառուցել, ի՞նչ թիրախներ է դնում անվտանգության, արտաքին հարաբերությունների, տնտեսական աճի, սոցիալական արդարության և այլն, բայց հենց մենք պետք է ընտրենք ծրագիրը», — ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նա նշեց` «չենք ընտրում լավ, բարոյական, հեղինակություն ունեցող մարդու».

«Մենք ընդունում ենք գաղափարը, և ես չեմ բացառում, որ այն համաքաղաքացիները, որոնք դժգոհ են այսօրվա քաղաքականությունից, կարող է իրենք բոլորն էլ ուզում են, որ հենց ինքը լինի վարչապետ, բայց կարող է և ոչ: Կարող է նրանք դժգոհում են այսօրվա կառավարումից, բայց եթե վարչապետի ընտրություն տաս՝ ո՞ւմ ես ուզում՝ այսինչ մարդուն, այնինչ մարդուն, իր ծրագիրը, իր թիմը, կարող է և, պայմանական եմ ասում, պարոն Փաշինյանը չլինի: Այդ իսկ պատճառով մենք ասում ենք Սահմանադրությունն այդ ամբողջը կանոնակարգել է, դուրս եկեք Ազգային ժողով ձեր ծրագրով և եթե դուք ունեք այդ քվեն՝ ստացեք այն և դարձեք վարչապետ: Բայց մոնոպոլիզացնել՝ ասել ես եմ միայն վարչապետը, այլ թեկնածու չկա, բանակցությունների ժամանակ ես եմ օրակարգը թելադրում, դու օրակարգի իրավունք չունես, չեմ կարծում, որ մենք ցանկացել ենք այդպիսի հասարակություն ձևավորել», — ամփոփեց Կարեն Կարապետյանը:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here