Երևանի քաղաքապետարանը 2011 թվականից առ այսօր կնքել է միայն մեկ ոչ սուվերեն վարկ՝ Եվրոպական ներդրումային բանկից 7 մլն եվրո գումարի չափով, Երևանի էներգախնայողության ծրագրի իրականացման համար։ Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի դեկտեմբերին։

Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանը, թե որքան վարկ է վերցրել Երևանի քաղաքապետարանը 2011 թվականից, և որքան է կազմում քաղաքապետարանի պարտքը, հայտնել են Երևանի քաղաքապետարանից:

Միաժամանակ քաղաքապետարանից հայտնել են. «Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունները ստորագրել են երկու սուվերեն վարկով իրականացվող ծրագրերի շրջանակներում ենթավարկային պայմանագրեր՝ ստանձնելով վարկի սպասարկման պարտավորությունը։ Այդ երկու ծրագրերն են՝ Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը, որի շրջանակներում 8-ական մլն եվրոյի չափով վարկային պայմանագրեր են կնքվել Եվրոպական ներդրումային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ, ինչպես նաև Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը, որի շրջանակներում 4 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր է ստորագրվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։

Նշված վարկային ծրագրերից միայն Երևանի էներգախնայողության ծրագրի շրջանակներում ստացված վարկն է համարվում Երևանի քաղաքապետարանի կողմից ստանձնած վարկային պարտավորություն և համայնքի պարտք»:

 Հարցին, թե  Երևանի քաղաքապետարանը հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը, ինչպես նաև արտանետվող CO2 գազը կրճատելու համար 7 մլն վարկ էր վերցրել, ի՞նչ է արվել, ինչպես ապացուցել, որ այդ աշխատանքները կատարվել են, քաղաքապետարանից պատասխանել են .«Երևան էներգախնայողության ծրագիրը ստորագրվել է 2017 թվականի դեկտեմբեր ամսին և ուժի մեջ է մտել 2018 թվականի մարտի 6-ին։ Ներկայումս Միավորված ազգերի զարգացման ծրագրի աջակցությամբ, Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից հատկացված դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվում են Երևան համայնքի ենթակայությամբ գործող թվով 29 մանկապարտեզների սեյսմիկ ուսումնասիրություն և էներգոաուդիտ։ Միաժամանակ, մշակվում է մանկապարտեզների սեյսմիկ ամրապնդման, էներգաարդյունավետության միջոցառումների իրականացման և վերանորոգման նախագծման փաթեթի պատրաստման համար անհրաժեշտ խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման փաթեթը։ Առ այսօր շինարարական աշխատանքներ կատարված չեն և, հաշվի առնելով նախագծման և մրցութային գործընթացը, դրանք կմերկնարկեն 2019 թվականին»։

Հարցին, թե քաղաքապետարանը 2015-ին ՎԶԵԲ-ից 4 մլն դոլար վարկ վերցրեց «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրն» իրականացնելու համար, որը պետք է ավարտվեր  2018 թվականի 2-րդ եռամսյակում, Երևանը պետք է ունենար էներգախնայող և անվտանգ արտաքին լուսավորության ցանց, ո՞ւր է այդ ցանցը, քաղաքապետարանից պատասխանել են, որ  Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը ստորագրվել է 2015 թվականի մայիսին և ուժի մեջ է մտել 2016 թվականի սեպտեմբերին։ «Ծրագրի շրջանակներում դրամաշնորհային միջոցների հաշվին մշակվել է աշխատանքների ձեռքբերման մրցութային փաթեթը։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից մրցութային փաթեթի հաստատումից հետո 2017 թվականի մայիսի 30-ին հայտարարվել է մրցույթը, հայտերը ստացվել են հուլիսի 27-ին, նոյեմբերի 14-ին էլ առաջին փուլի արդյունքները ներկայացվել են հաստատման և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից 2018 թվականի ապրիլի 25-ին պայմանական հաստատվել են։ Մրցույթի երկրորդ փուլի հրավերը առաջին փուլը հաջողությամբ անցած ընկերություններին կուղարկվի ՎԶԵԲ-ի պաշտոնական վերջնական հաստատումից հետո։ Մրցույթի արդյունքում հաղթող ընկերության հետ պայմանագիրը նախատեսվում է կնքել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում և մեկնարկել շինարարական աշխատանքները։ Միաժամանակ՝ Երևանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարությանը Երևանի քաղաքային լուսավորության ծրագրի ժամկետի երկարացման նպատակով»:

Հարցին, թե 2016-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հայտարարեց, որ 2018-ին Նուբարաշենի աղբավայրն իր այդ տեսքով այլևս գոյություն չի ունենա:
Կա՞ր ծրագիր աղբանոցի վերաբերյալ, որը չի իրագործվել, քաղաքապետարանից հայտնել են. «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում դրամաշնորհային միջոցների հաշվին պատրաստվել է Նուբարաշեն և Աջափնյակ աղբավայրերի փակման, ինչպես նաև նոր աղբավայրի նախագծման, կառուցման և շահագործման մրցութային փաթեթը, որը ներկայացվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հաստատմանը։ Վերջիններիս հաստատումից հետո կմեկնարկի մրցութային գործընթացը։

Նշված ծրագրերի շրջանակներում տարվել են լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես՝ ծրագրի տեխնիկա-տնտեսական ուսումնասիրություն, նախնական նախագծերի և մրցութային փաթեթների պատրաստում, և առ այսօր որևէ վարկային միջոց չի ծախսվել, ուստի տվյալ պահի դրությամբ Երևան համայնքի պարտքը զրոյական է»։

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here