Շիրակի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը խոստացել է հայտարարությամբ հանդես գալ եւ անդրադառնալ համալսարանում ստեղծված իրավիճակին։ Այդ մասին նշել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։

Նա հերքեց մամուլում տարածված տեղեկությունները, թե համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանին կանչել են ԿԳՆ։ Ըստ Բախշյանի, ՇՊՀ-ից են նման տեղեկություն տարածել, սակայն ինքը կապվել է ԿԳՆ բարձրագույն կրթության վարչության պետի հետ։ «Նա տեղյակ չէր, չեմ կարծում,ե թե այդպիսի բան լիներ, նա տեղյակ չլիներ»,- ասել է Բախշյանը։

Նրա խոսքով, համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը խոստացել է վաղն առավոտյան հայտարարություն անել։ «Տեսնենք, թե ինչ հայտարարություն է անելու։ Չգիտեմ, թե ինչ բովանդակություն կունենա, բայց նա պետք է որպես կառավարման խորհրդի նախագահ կրթության շահերի կողքին կանգնի եւ ՇՊՀ ռեկտորի հետ պայմանագիրը լուծի, կամ էլ համոզի իր գործընկերոջը հրաժարական տալ»,- նշել է Անահիտ Բախշյանը։

Նա, սակայն, մտավախություն ունի այդ կապակցությամբ։ «Ինչո՞ւ Ցոլակյանը չի կարողանում համոզել։ Իմ կարծիքն եմ ասում, ծանոթանալով տարբեր փաստաթղթերին, կառավարման խորհրդի նախագահը նույնպես պատասխանատու է բոլոր այն ապօրինությունների համար, ինչ արել է ռեկտորը։ Որովհետեւ ինքն է ստորագրում կառավարման խորհրդի որոշումները, որոնցով իրավունք է տրվում ռեկտորին անել այս կամ այն քայլը։ Կան ապօրինություններ, լուրջ ապօրինություններ, եւ ես դեռ մեղմ եմ ասում»,- նշել է Անահիտ Բախշյանը։

Իսկ Շիրակի պետական համալսարանում բողոքի ակցիաներն ընդդեմ հանրապետական ռեկտորի շարունակվելու են։ Անահիտ Բախշյանը նշեց, որ սպասում են Ցոլակյանի հայտարարությանը, որից հետո կկողմնորոշվեն։

Նշենք, որ Շիրակի պետական համալսարանում այսօր՝ մայիսի 10-ին, կայացել է ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան, որին այս անգամ մասնակցել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, բուհի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը եւ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Սահակ, հեռացիր»: Նրանք ողջունել են համալսարանի ներսում գտնվող ուսանողներին, որոնց թույլ չեն տվել միանալ բողոքի ակցիային:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here