«Գործարարները կառավարությունում պիտի տեղ չունենան: Ցավոք, վերջին 20 տարում մեզ մոտ այնպիսի իրավիճակ է, որ ոչ միայն նախարարներն են գործարարներ, այլև դատախազները, դատավորները, բարձրաստիճան ոստիկանները: Կար նաև հակառակ պրոցեսը՝ այն մարդիկ, ովքեր դուրս էին գալիս իշխանությունից, հանձնում էին իրենց բիզնեսի մի մասը, այսինքն՝ դա պաշտոնի սեփականությունն էր, ոչ թե իրենց»,- զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ խոսելով առաջիկայում կառավարության որդեգրելիք սկզբունքների մասին: Հիշեցնենք, որ քաղաքագետը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր իշխանություն-բիզնես սերտաճմանը և կարևորել դրանց տարանջատման հարցը:

Քաղաքագետի խոսքով՝ ՀՀԿ-ի կամ Սերժ Սարգսյանի համակարգը ավտորիտար էր, որից ազատվելն ավելի հեշտ էր, քան օլիգարխիկ համակարգից. «Օլիգարխիկ համակարգը բազմագլուխ է լինում, և, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, նրանք միշտ արյունով են հեռանում»:

Այս համատեքստում մեր զրուցակիցը ընդգծեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ավելի վտանգավոր է, քան ՀՀԿ-ն: «Եթե Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ից հեռանա, Հանրապետականը ինստիտուցիոնալ առումով կարող է ավելի նորմալ կուսակցություն դառնալ, քան ԲՀԿ-ն, որը մեկ հոգու ենթակա կառույց է, և ըստ էության այդ պատգամավորներն իր աշխատողներն են»,- ասաց նա և ավելացրեց, որ դրա համար պետք է օրենքներ ընդունվեն:

Ստեփան Դանիելյանի խոսքով՝ այսօր այդ մրջնաբույնը խառնվել է, և տարբեր գործարարներ փորձում են ելքեր փնտրել դեպի Նիկոլ Փաշինյանը: «Եվ որքան ես գիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն իրեն շատ ճիշտ է պահում և որևէ նախապայման չի ընդունում»,- ասաց նա՝ նշելով, որ այս ամենում կարևոր է հանրության դերը:

Անդրադառնալով գործարարների ստրատեգիային՝ Ստեփան Դանիելյանը նկատեց, որ նրանց հույսն այն է, որ ժամանակ կանցնի, Նիկոլ Փաշինյանը ինչ-ինչ հարցերում կսայթաքի, և նրանք նորից կվերադառնան իրենց հին Հայաստանը. «Գագիկ Ծառուկյանից պետք է պահանջել, որ նա վայր դնի իր մանդատը, որպեսզի այդ կուսակցությունն իրոք դառնա կուսակցություն»:


Աղբյուր 

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here