Գազը վաճառում է Ռուսաստանը «Գազպրոմի» միջոցով։ Յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազի գինը ՀՀ սահմանին 150 դոլար է: Առաջին հայացքից սա համեմատաբար ցածր գին է, եւ առաջին հայացքից գազը Ռուսաստանինն է, եւ ինչ գնով ուզենա, այն գնով էլ կվաճառի։ Բայց այս մոտեցումը տրամաբանական էր մինչեւ Հայաստանի ԵՏՄ անդամ դառնալը։ Ներկայումս գազի այսպիսի գինը որևէ կերպ չի տեղավորվում ԵՏՄ-ի՝ որպես տնտեսական միասնական տարածքի տրամաբանության մեջ։ Ո՞րն է խնդիրը։ Անդամակցելով ԵՏՄ-ին, Հայաստանը ընդունեց ԵՏՄ-ի մաքսային կարգավորումները։ Այսինքն, ԵՏՄ անդամ երկրների տնտեսվարողները միմյանց հետ աոեւտուր են անում այնպես, ինչպես միեւնույն երկրի տնտեսվարողները։ Այսինքն, նրանց միջեւ չկան մաքսային սահմաններ։ Իսկ ահա երրորդ երկրների հետ առեւտուր անելիս գործում են մաքսատուրքեր, որոնք մեծ մասամբ ավելի բարձր են, քան Հայաստանում սահմանված էին մինչեւ ԵՏՄ անդամակցումը։ Այլ կերպ ասած, Հայաստանը սահմանափակեց այլ երկրների հետ իր առեւտրի հնարավորությունները։ Այս պայմաններում իրենց արտադրությունում գազ օգտագործող ընկերությունները հայտնվում են խիստ անհավասար պայմաններում։ Օրինակ, Հայաստանում գործող ջերմոցը, ապակու գործարանը, ալյումինի գործարանը եւ այլն մեկ խորանարդ մետր գազի դիմաց վճարում են 103- 118 դրամ։ Ճիշտ նույն արտադրությամբ զբաղվող ջերմոցներն ու գործարանները Կրասնոդարի մարզում մեկ խմ գազը գնում են 42-51 դրամով։ Միևնույն տնտեսական տարածքում գազի գների այսպիսի տարբերությունը, մեղմ ասած, այնքան էլ տրամաբանական չէ, էլ չենք խոսում բնակչության համար մատակարարվող գազի սակագնի մասին։ Կրասնոդարի բնակիչը գազի համար վճարում է 50 դրամ, հայաստանցի սպառողը՝ 139 դրամ։ Գազի գների այս տարբերությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ 150 դոլարանոց գազը ստանում է ոչ թե Հայաստանը, այլ ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որն էլ իրականացնում է գազի մատակարարումը սպառողներին։ Այդ ընկերության շահույթը ամբողջությամբ «Գազպրոմի» շահույթն է։ Ակնհայտ է, որ սա հայ-ոուսական տնտեսական հարաբերություններում առկա բավականին ցավոտ խնդիր է, որը տարիներ շարունակ լուծում չի գտնում։ Դժվար է ասել, թե նախկին իշխանությունները որքանով են համառ գտնվել այս խնդրին լուծում տալու համար։ Բայց փաստն այն է, որ Ռուսաստանում ու Հայաստանում գազի գների տարբերությունը չափվում է ոչ թե տոկոսներով, այլ անգամներով: Մանավանդ որ Հայաստանում կան հենց ռուսական ընկերություններ, որոնք գազի խոշոր սպառողներ են։ Նույն «Գազպրոմին» պատկանող Հրազդանի 5-րդ բլոկը, Հրազդանի ՋԷԿ-ը, «Ռուսալ Արմենալ» ընկերությունը…։ Վերջիններս նույնպես ստիպված են մի քանի անգամ թանկ գնով գազ ձեռք բերել։ Երեկվա հանդիպման ժամանակ այսպիսի կոնկրետ խնդիրներին անդրադարձ չի եղել իհարկե։ Բայց պետք է սպասել, որ հետագայում, երբ կսկսվեն ավելի «մասնագիտական» թեմաներով քննարկումներ, նմանատիպ խնդիրները կմղվեն առաջին պլան։

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here