Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում արտահերթ խորհրդարանական ընտրությունների և Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ-ի ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին հարցեր չեն քննարկվել:

Այս մասին գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա ասաց, որ ԳՄ նիստի ժամանակ քննարկվել են հարցեր,որոնք վերաբերում են  Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, արտաքին քաղաքական մարտահրավերներին:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետագա գործունեությանը, Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ն եղել և մնում է Հայաստանի անկախ պետականության հիմնասյուններից մեկը.«Մենք շարունակելու ենք գործել հանուն ՀՀ քաղաքացիների և հանուն ՀՀ-ի ու Արցախի անվտանգության ամրապնդման: Նաև նշեմ, որ օրերին տարբեր գնահատականներ են հնչում՝ հեղափոխական, հակահեղափոխական… ուզում եմ նշել, որ ՀՀԿ-ն եղել և մնում է որպես բացարձակապես քաղաքական միավորում, մենք քաղաքական կուսակցություն ենք, մենք ոչ հեղափոխական ենք, ոչ էլ, առավել ևս, հակահեղափոխական:

Նման եզրույթներ օգտագործելը կարծում եմ իրականության հետ որևէ կապ չունի, ավելին՝ մենք ռևանշիստներ չենք, հետևաբար բոլոր նրանք, որոնք մեր մեջ տեսնում են հեղափոխականներ, հակահեղափոխականներ կամ ռևանշիստներ, խնդրում եմ զերծ մնալ նման եզրույթներից»:

Հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Շարմազանովն ասաց, որ այսօր այդ հարցը չի քննարկվել, արտահերթ ընտրությունների համար պետք է լինեն քաղաքական ու իրավական պայմաններ:

«Որքանով ես տեղյակ եմ, վարչապետ Փաշինյանը պատրաստվում է Ազգային ժողովի դատին ներկայացնել կառավարության ծրագիր: ՀՀ սահմանադրությունը հստակ տալիս է այն ուղիները, թե երբ կարող է արձակվել Ազգային ժողովը: Եթե  բոլորս կողմ ենք քվեարկում կառավարության ծրագրին, բնականաբար այս փուլում ԱԺ ընտրությունների անցկացման հարց չի դրվի:

Նույնիսկ իշխանության ներկայացուցիչները նշել են, որ սա քննարկման հարց է, քննարկեն՝ կտեսնենք: Ես կարծում եմ, որ քաղաքական գործընթացները շատ արագ են փոխվում և որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի երկու, երեք կամ չորս ամիս հետո: Դրա համար ժամանակավրեպ է այսօր խոսել այդ մասին»,-ասաց Շարմազանովը:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն է և առանց խորհրդարանական ընտրությունների քաղաքական իրավիճակը մտնում է փակուղի, Շարմազանովն ասաց.« ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունները եղել են լեգիտիմ, դա միջազգային արձանագրում է, մենք չենք պատրաստվում կառավարության գործունեությունը արհեստականորեն խոչընդոտել, մենք ասել ենք՝ մեր առաջնահերթությունները՝ Արցախի հարցում, Ցեղասպանության ճանաչման գործում հետքայլ չենք հանդուրժելու, և պատրաստ ենք նոր կառավարության հետ հանուն Հայաստանի հանրապետության ժողովրդի քննարկել ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, որը կբխի ՀՀ քաղաքացու շահերից»։

Հարցին, թե ՀՀԿ-ն պատրա՞ստ է կողմ քվեարկել մեծամասնական ընտրակարգի  վերացմանը, Շարմազանովն ասաց, որ  իրենք պատրաստ են, թե ոչ, կերևա  այն ժամանակ, երբ կտեսնեն փաստաթուղթը, իսկ այդ փաստաթուղթը չպետք է լինի ինչ-որ մեկի կամքը, դա պետք է կազմվի առաջարկությունների և քննարկումների արդյունքում:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջին, Շարմազանովն ասաց, որ Երևանի քաղաքապետն ընտրվել է ընտրությունների միջոցով, և այսօր էլ եղել են մարդիկ, ովքեր քաղաքապետի հրաժարականն են պահանջել և եղել են ավելի շատ մարդիկ, ովքեր կողմ են եղել, որ Տարոն Մարգարյանը պաշտոնավարի.«Մի բան հստակ է՝  տեղական ընտրովի ինքնակառավարման մարմինների վրա որևէ մեկն իրավունք չունի ճնշում գործադրելու, անկախ նրանից, թե ՏԻՄ ղեկավարը որ կուսակցության ներկայացուցիչ է»:

Հարցին, թե Սերժ Սարգսյանը հրաժարական տալո՞ւ է կուսակցության ղեկավարի պաշտոնից, քանի որ նախկինում նման խոսակցություն եղել է, Շարմազանովն ասաց. «Նման հարց չի քննարկվել»:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here