Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը դեմ կքվեարկի ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Այս մասին հատուկ նիստում հայտարարեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Ազգային ժողովում ընթանում է հատուկ նիստը. պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. նրա թեկնածությունն առաջադրել է «Ելք» խմբակցությունը: ԱԺ չորս խմբակցություններից երեքը՝ «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք», հայտարարել են Փաշինյանի թեկնածությունը սատարելու մասին. այդ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն, սակայն հատուկ նիստում իր ելույթի ժամանակ ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը հայտարարեց չքվեարկելու իր որոշման մասին: Վարչապետի ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 պատգամավորի ձայն: ՀՀԿ-ն ունի 58 պատգամավորական մանդատ:

Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Ազգային ժողովում վարչապետի չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

 

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here