ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե ով ասաց, որ ամբողջ խմբակցությունն է քվեարկելու «ժողովրդի թեկնածուի» օգտին: Նա հայտարարել է, որ պետք է 53 ձայն, դա կապահովվի, սակայն ամենևին չի նշանակում, որ ամբողջ խմբակցությունն է քվեարկելու Փաշինյանի օգտին: Սա, ըստ էության, հայտարարություն է խորհրդարանում նոր մեծամասնության ձևավորման մասին, որի շրջանակները, սակայն, հասկանալի ու պարզ չեն: Բանն այն է, որ գոնե առայժմ դժվար է ասել, որ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկած 53, կամ այս կամ այն թվով ավելի ձայնը դա նրա մեծամասնություն հենարանն է խորհրդարանում: Որովհետև պարզ չէ, թե արդյո՞ք այդ մեծամասնությունը կշարունակի նույն կերպ աջակցել նրա նախաձեռնություններին՝ արդեն վարչապետի պաշտոնում, առավել ևս, որ մի շարք կառուցվածքային փոփոխություններ, ընտրական կանոնների փոփոխություններ անելու համար կպահանջվի անգամ 3/5-րդի աջակցություն:

Այդպիսով, խորհրդարանում առնվազն ձևավորվում է այսպես ասած թափառող մեծամասնություն, երբ ամեն հարց կամ նախաձեռնություն կարող է մի կողմից չունենալ անհրաժեշտ մեծամասնություն, մյուս կողմից՝ ամեն հարցի դեպքում կարող է լինել տարբեր մեծամասնություն: Այլ կերպ ասած՝ խորհրդարանում փաստորեն դադարում է լինել դե ֆակտո կայուն մեծամասնություն, եթե իհարկե չի ձևավորվում նոր դե յուրե մեծամասնություն կոալիցիոն համաձայնության հիման վրա: Այդ հարցում շատ կարևոր է, թե ինչ կլինի ՀՀԿ խմբակցության հետ, և արդյո՞ք վարչապետի թեկնածության շուրջ տարաձայնությունները, իսկ Շարմազանովի խոսքը վկայում է, որ դրանք կան, հանգեցնելու են խմբակցության տրոհման: Որովհետև, եթե խմբակցությունը տրոհվում է և այդպիսով դառնում է ավելի պակաս, քան 53 պատգամավորը, ապա կարող է առաջանալ խնդիրը՝ ապահովված չէ օրենքով, այսպես ասած, պարտադիր կայուն մեծամասնությունը: Իսկ դա էլ իր հերթին կարող է առաջացնել խորհրդարանի լուծարման հարց: Համենայնդեպս, ընտրական խաղի կանոնների համաձայն, եթե խորհրդարանի ընտրության առաջին փուլում չի ձևավորվում կայուն մեծամասնություն՝ մեկ ուժի կամ կոալիցիայի տեսքով, պետք է տեղի ունենա երկրորդ փուլ՝ առաջին երկու ցուցանիշ ունեցող ուժերի միջև, որի դեպքում արդեն որևէ արդյունք երաշխավորում է այդ մեծամասնությունը:

Ըստ այդմ հարց է առաջանում, առնվազն, որը թերևս ունի դիտարկման և զննության կարիք, թե ինչ կլինի, եթե խորհրդարանում ՀՀԿ խմբակցությունը տրոհվի, սակայն երկու կամ մի քանի մասերը չմիանան որևէ այլ ուժերի և չձևավորեն կոալիցիա: Այդ դեպքում արդյո՞ք համարվում է, որ չկա կայուն մեծամասնություն, և պետք է խորհրդարանի նոր ընտրություն: Թե՞ պարզապես արձանագրվում է, որ խորհրդարանն իրականում չունի մեծամասնություն և փաստացի ստեղծվել է քաոսային իրավիճակ, որի պատանդի կարգավիճակում կարող է մնալ նոր վարչապետը: Մյուս դեպքում, եթե ՀՀԿ խմբակցությունը տրոհվում է, սակայն հեռացողները կամ բաժանվողները միանում են «Ելք»-«Ծառուկյան»-ՀՅԴ դե ֆակտո կոալիցիային, ձևավորվում է նոր մեծամասնություն և դա նշանակում է, որ ՀՀԿ-ն այլևս մնում է խաղից դուրս, որպես նոմինալ միավոր:

Այդ իրավիճակներից որի՞ հետ գործ կունենանք մայիսի 8-ից հետո, բնականաբար շատ բարդ է ասել, քանի որ իրավիճակը պարբերաբար ստանում է նոր երանգներ, և ի հայտ են գալիս նոր գործոններ: Այդուհանդերձ ակնհայտ է, որ Հայաստանում փլուզվում է քաղաքական հին համակարգը, այն էլ սրընթաց կերպով, և այդ իմաստով Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը անհրաժեշտություն է դառնում նաև այն տեսանկյունից, որ դա այդ փլուզման գործընթացը տարերայնայինից զերծ պահելու և հավասարակշռելու միջոց է, որ հին և արատավոր քաղաքական համակարգի փլուզումը ինքնաբերաբար չզուգակցվի պետության և կառավարման համակարգի փլուզմամբ, որպեսզի հետո արդեն հնարավոր լինի ձեռնամուխ լինել նոր համակարգի շուրջ համաձայնությունների կայացմանն ու խաղի նոր կանոնների մշակմանը:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here