loading...

Այսօր երգիչ Արսեն Սաֆարյանը նշում է ծննդյան 41-ամյակը: Այս առիթով  անկեղծ զրույց ենք ունեցել նրա հետ: Արսենը նշեց, որ այսօր օրն անցկացնում է իր այգում՝ ծառեր ջրելով, սա երգչի համար մեծ «նվեր է», ասում է՝ գուցե պարզ է հնչում, բայց հազվադեպ է պատահում, որ ժամանակ է գտնում այգու ծառերը խնամելու համար:

«Այս տարի նախընտրում եմ լինել միայն ընտանիքում, հիմա իմ այգում եմ, իսկ երեկոյան փոքրիկ, մտերմիկ հավաքույթ կլինի, բայց միայն ընտանեկան մթնոլորտում, հատկապես, որ առանձնապես ճոխ ու մեծ խնջույքների սիրահար չեմ : Կարեւորը օրս բարի է սկսել, շնորհավորանքներն այնքան շատ են, որ ֆիզիկապես չեմ հասցնում բոլորին պատասխանել: Հաճելի է գիտակցումը, որ քո օրվա մասին շատերն են հիշում»,- նշեց Արսեն Սաֆարյանը:

Երգիչը խոստովանեց՝ իրեն երջանիկ մարդ է համարում, քանի որ դրա համար շատ պատճառներ ունի: «Երջանիկ եմ, քանի որ ունեմ հրաշք ընտանիք՝ կին, երեխաներ, որոնք միշտ կողքիս են: Փառք եմ տալիս Աստծուն, որ ծնողներս ողջ եւ առողջ են, որ ունեմ Արթուրի նման տաղանդավոր եղբայր: Հպարտ եմ, որ լավ ու ինձ նվիրված ընկերներ ունեմ, որոնք մեկը մյուսից տարբեր են, բայց ունեն մի կարեւոր ընդհանրություն՝ նրանք մարդ են յուրաքանչյուր պարագայում: Երջանիկ եմ, որ պատկանում եմ այն երգիչերի թվին, ովքեր ոչ միայն ճանաչված են, այլեւ ընդունված են հանրության կողմից: Գիտեք, ես հոգեւոր արժեքները գնահատող մարդ եմ, նյութական ամեն բան ինձ համար դեր չունի, դրանք կարել է առնել, դրանց վրա ես չեմ դողում»,- նկատեց նա:

Սխալների մասին եւս Արսենը չխուսափեց խոսել. «Իհարկե, ես էլ բազմաթիվ սխալներ ու թերացումներ թույլ եմ տվել, բայց ամենագլխավոր սխալս համարում եմ այն, որ շատերին եմ շուտ ինձ մոտ թողել: Հիմա ափսոսում եմ, որ ժամանակին չեմ գիտակցել, որ պետք չէր ոմանց թողնել մտնել իմ կյանք, իրականում կան մարդիկ, որոնց պետք է միշտ քեզնից մեծ տարածության վրա պահել: Ամեն դեպքում, սխալներից նաեւ սովորում ես, օրինակ ես հիմա աշխատում եմ դրանք չկրկնել»,- ընդգծեց Արսենը: 41-ամյա երգչին տարիների գումարը չի վախեցնում, ընդհակառակը՝ այս շրջանում ավելի է գնահատում կյանքը:

«Ամեն տասնամյակ իր գեղեցիկ պահերն ունի, պարզապես մարդը դա պետք է զգա, ճիշտ ընդունի եւ հաճույք ստանա: 40-ից հետո ավելի կշռադատված ես լինում, ավելի շատ ես գնահատում ունեցածդ, քանի որ ավելի ես իմաստնանում: Սրա շնորհիվ էլ ավելի երկար ես ընտրություն անում, քանի որ դրա իրավունքը ձեռք ես բերել: Մինչ 40-ին հասնելը, շատ բաների միջով ես անցնում, դրանից հետո այլեւս արագ չես ոգեւորվում ինչ-որ մի բանից եւ արագ չես էլ հիասթափվում: Անում ես այն, ինչը քեզ պետք է, այս տարիքում արդեն ճանապարհդ ավելի պարզ ես տեսնում»,- շեշտեց նա:

Արսեն Սաֆարյանը նշեց նաեւ, որ մտադրություն ունի ապագայում ավելի ակտիվ գործել. «Ուզում եմ առաջիկայում ավելի շատ երգել, քան մինչ այս: Հիմա արդեն նոր տեսահոլովակիս մոնտաժային աշխատանքներն են տարվում, որը կներկայացնեմ այս ամսվա վերջին: Առաջիկայում նոր երգեր են սպասվում, ես մեծ տրամադրվածություն ունեմ ակտիվ աշխատելու, քանի որ վերջին երկու տարում անիմաստ կանգառ ունեցա: Հիմա այլեւս, որեւէ բան, կամ ինչ-որ մեկն ինձ չի կարող կանգնեցնել կամ շեղել: Պետք է ամեն մեկն իր գործով զբաղվի»,- ավարտեց երգիչը:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here