loading...

«Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում երեկ կայացավ բարեգործական համերգ Արամ MP3-ի, Քրիստինե Պեպելյանի, Սոֆի Մխեյանի, Սոնա Ռուբենյանի, «Նեմրա»-ի, «Գողթ»-ի, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբի, «Կարինա Առուստամյան և The Band»-ի մասնակցությամբ։

«Բարությունը հիմա է, այստեղ» խորագրով համերգին բարություն տարածելու ցանկությամբ միավորված արտիստները ներկայացրին իրենց սիրված երգերը։

Համերգային երեկոյի կազմակերպիչ, «Օգնենք հայ մանուկներին» հասարակական բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկի՝ Արմեն Բուլղադարյանի խոսքով՝ թեև նմանատիպ շատ համերգներ են կազմակերպել, սա ամենամեծն է: Նա հայտնեց, որ համերգի ողջ հասույթը փոխանցվելու է նյարդաբանական խնդիրներ ունեցող ավելի քան 50 երեխայի բուժմանը, թանկարժեք դեղորայքների գնմանը:

«Միտքն առաջացավ այն բանից հետո, երբ ես և իմ ընկեր, բարերար Ելենա Բաղդասարյանը խոսում էինք նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաների մասին և որոշեցինք օգնել նրանց: Շնորհակալությամբ պետք է նշեմ, որ արտիստները շատ պատրաստակամ են, մի քանի բենդ նույնիսկ համերգներ ունեին նախատեսած, բայց հետաձգել են դրել, որպեսզի մեր բարեգործական համերգին մասնակցեն»,-ասաց նա:

Համերգային ծրագրի բացումն արեց Արամ MP3-ն:

Tert.am Life-ի հետ զրույցում Արամն ասաց, որ հնարավորության սահմաններում մշտապես ներկա է լինում բարեգործական համերգների: «Քիչ առաջ Լուլուի հետ այն մասին էինք խոսում, որ մենք այսպիսի համերգների մշտական մասնակիցներն ենք:) Այս ընթացքում հայտնվել են նաև մարդիկ, որ կեղծ բարեգործի անուններով են հանդես գալիս, երբեմն, չես հասկանում, իսկապե՞ս բարեգործական կազմակերպություն է, թե՞ ոչ: Դրա համար փորձում ենք աշխատել վստահելի մարդկանց հետ»:

Երեկոյի ռիթմիկ տրամադրությունը շարունակեց Սոֆի Մխեյանը: Երգչուհին նշեց, որ անհաշվելի անգամներ է մասնակցել բարեգործական միջոցառումների. «Եթե մենք կարողանում ենք ինչ –որ ձևով օգտակար լինել և, գուցե, մի քանի հոգու ժպիտ պարգևել մեր ներկայությամբ, մեր երգով, ուրեմն,արժե և պետք է ներկա լինել նման միջոցառումների»:

Բեմից դիմելով հանդիսատեսին՝ Սոֆին նշեց. «Ի սկզբանե, երբ զանգ հնչեց Ելենայի կողմից, վայրկյան անգամ չեմ վարանել մասնակցել, պարզապես չգիտեի՝ շրջագայությունս ինչպես կլինի՝ քաղաքում կլինե՞մ, թե՞ ոչ: Դրա համար ճիշտ կլիներ նկարս չհայտնվեր պաստառին, որպեսզի հանկարծ այն մարդիկ, ովքեր, գուցե, եկել էին նաև վայելելու և լսելու իմ երգը, հուսախաբ չլինեին։ Սակայն այսօր այստեղ եմ»:

Սոֆին հանդիսատեսի համար երգեց նաև իր նոր «Տեսիլք» երգը, որը կարճ ժամանակում սիրվեց։ Կատարման ժամանակ բեմահարթակ բարձրացավ սպիտակազգեստ փոքրիկ աղջնակ: Սա չնախատեսված, բայց գեղեցիկ դրվագ ստացվեց համերգի ընթացքում: Սոֆին նկատեց, որ տեսիլքը եկավ։

Քրիստինե Պեպելյանի ելույթը ևս ապահովեց երեկոյի ամենահուզիչ պահերից մեկն: Երգչուհին կատարեց արդեն 14 տարվա պատմություն ունեցող իր «Մայրիկ» երգը և դահլիճում ներկա երեխաներին առաջարկեց բեմ բարձրանալ ու իր հետ երգել: Հանդիսատեսը սիրով ընդունեց առաջարկը։ Մեզ հետ զրույցում Քրիստինեն փաստեց, որ բացի համերգային ծրագրի բուն նպատակը, իր համար ամենաթանկ էմոցիան արդեն ապաիքնված երեխայի ժպիտը տեսնելն է: «Ես միայն իմ մասին չեմ խոսում, կարծում եմ՝ ցանկացած արտիստի համար սա պարտադիր պայման է: Դու չես կարող ամբողջ տարին աշխատել միայն եկամուտի համար, կյանքում ամեն ինչ փողի շուրջ չի պտտվում: Կան իրավիճակներ, համերգներ , միջոցառումներ, որոնք խղճիդ հանգստություն պիտի տան, որտեղ քո անելիքը ուրիշ պիտի լինի՝ ոչ միայն որպես արտիստ, այլև որպես մարդ, որպես ընկեր, որպես կարեկից: Ես շատ մեծ տեղ եմ տալիս այս միջոցառումներին և, հավատացեք, որ դրանց պատրաստվում եմ նույնքան հուզմունքով, նույնքան կարևորությամբ»:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here