Արդեն հայտնի է, որ «Եվրատեսիլ 2018»-ում հայաստանյան ժյուրիի կազմում են երգիչներ Արամոն, Ալլա Լեւոնյանը, Մաշա Մնջոյանը, ոճաբան Արմեն Գալյանը եւ «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը: Ի դեպ՝ յուրաքանչյուր երկրի ժյուրիի կազմը բաղկացած է 5 անդամներից: Նրանք գնահատում են մասնակիցների վոկալային հնարավորությունները, բեմում ելույթը, երգը, դրա յուրահատկությունները եւ առհասարակ ելույթից ստացած տպավորությունը:

Այս մասին Life.panorama.am-ը խոսել է Մաշա Մնջոյանի հետ: Նրա համար եվրատեսիլյան անցուդարձը անծանոթ չէ, քանի որ տարիներ առաջ մասնակցել է «Մանկական եվրատեսիլ»-ին, իսկ 2016թ-ին, երբ «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնում էր Իվետա Մուկուչյանը, Մաշան հանդես եկավ որպես նրա բեք-վոկալիստներից մեկը:

«Ինձ համար մեծ պատիվ էր ստանալ առաջարկ՝ ընդգրկվելու «Եվրատեսիլ 2018»-ում հայաստանյան ժյուրիի կազմում: Ճիշտն ասաց՝ ինձ համար շատ անսպասելի էր այդ հրավերը, բայց մեծ սիրով ընդունեցի: Իհարկե, թող անհամեստություն չլինի, բայց, կարծում եմ, վատ չեմ հասկանում եւ կկարողանամ իմ ունեցած գիտելիքների շնորհիվ անաչառ գնահատական տալ»,- նշեց նա:

Եվրատեսիլյան բեմը Մաշային ծանոթ է, իր խոսքով՝ այս մրցույթի շատ թաքուն կողմերին է տեղեկացված:

«2008թ-ին, երբ «Մանկական եվրատեսիլում» մասնակցեց Մոնիկա Մանուչարովան, նրա երգի տեքստի հեղինակը ես էի եւ նրա հետ նաեւ մեկնեցինք «Եվրատեսիլ», հետո արդեն 2016-ին Իվետայի հետ մեկնեցի՝ որպես բեք-վոկալիստներից մեկը:  Բացի այդ, ինձ մշտապես հետաքրքրել է այս մրցույթը, ես միշտ հետեւել եմ թե տեղական, թե միջազգային լրատվությանը, որոնք կապված են «Եվրատեսիլի» հետ»,- նկատեց նա՝ հավելելով, որ այս տարի դեռեւս իր ֆավորիտ մասնակցին չի առանձնացրել.

«Եթե անկեղծ լինեմ, դեռեւս բոլոր մասնակիցներին ծանոթ չեմ, բայց ինձ շատ հետաքրքրել է Ֆրանսիայի ներկայացուցիչը: Նրա մասին շատերից եմ դրական խոսքեր լսել»,- ասաց մեր զրուցակիցը:

Լիսաբոնում կայանալիք «Եվրատեսիլ 2018»-ին Հայաստանի ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանը կներկայանա մրցույթի առաջին կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 8-ին: Սեւակը հանդես կգա 16-րդ համարի ներքո: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կանցկացվի  մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ 12-ին:

Հարցին, թե Մաշա Մնջոյանն ի՞նչ կարծիք ունի Սեւակի մասնակցության վերաբերյալ, պատասխանեց.

«Իհարկե, ամեն տարի էլ մենք մեծ սպասելիքներ ունենք մեր ներկայացուցչի նկատմամբ, մշտապես հույս ենք ունենում, որ մեր մասնակիցը մեզ հաղթական հորիզանական կբերի, բայց, իրականում, Իվետա Մուկուչյանի մասնակցությունից հետո ես հասկացա, որ գլխավորը անմոռանալի ներկայանալն է, այլ ոչ թե՝ պարտադիր առաջին հորիզոնական զբաղեցնելը: Ես հույս ունեմ, որ այս տարի էլ Սեւակին կհաջողվի լավ տպավորություն թողնել, դառնալ հիշվող Իվետայի նման, չէ որ նրա մասին մինչ այսօր թե մեզ մոտ, թե եվրոպայում խոսում են, ինչն ինձ համար ամենակարեւորն է: Սեւակին մաղթում եմ լավ ու հիշվող ելույթ, մենք՝ բոլորս, սատարում ենք նրան»:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here