Մենք հանրապետականներին ոչ մի ձայն չենք տալու, միասնական ընտրելու ենք ժողովրդի թեկնածուին: Այս մասին ապրիլի 28-ին  «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Ես այս շարժմանը շատ դրական եմ վերաբերվում: Ուզում եմ ասել նաեւ, որ սա ոչ թե 1-2 տարվա հարց էր, այլ ժողովրդի մեջ տարիներով կուտակված դժգոհություն անարդարության, մենաշնորհի, կոռուպցիայի նկատմամբ, սոցիալական տնտեսական, քաղաքական, հարկային, բանկային վիճակի նկատմամբ: Դա տարիներով կուտակված հարց էր: Դա ՀՀԿ-ի ոչ ճիշտ պահվածքն էր ժողովրդի հանդեպ: Ժողովրդի մեջ կուտակվել էր ատելություն ու անվստահություն նրանց հանդեպ: Երբ ամեն անգամ հայտարարում էին, թե բոլոր ճանապարհները տանում են Մելիք-Ադամյան, որ ոնց որոշենք, այդպես պետք է լինի, արդեն դա պայթյունավտանգ էր դարձնում վիճակը: Բոլորս էլ գիտենք, որ սա լինելու էր, բայց չգիտեինք, թե երբ»,-հայտարարեց Ծառուկյանը:

Սա, ըստ նրա, մեր երիտասարդների հաղթանակն է, որոնք տեսնելով անարդարություն, հիասթափված այդ ամենից, ոտքի կանգնեցին եւ գնացին հանուն իրենց ապագայի. «Իրենք իրենց մասնակցությամբ հաղթանակը տարան եւ որոշողը, ապագայի կերտողը իրենք են»:

Ծառուկյանի խոսքով, այս հաղթանակը ժողովրդինն է եւ որեւիցե մեկը բարոյական իրավունք չունի այդ հաղթանակն իր վրա վերցնելու. «Ժողովուրդը պետք է առաջարկի իր թեկնածուին, ես իմ ամբողջ թիմով մեկ մարդու պես իմ ձայնը տալու եմ ժողովրդի թեկնածուին: Մենք թեկնածու չենք առաջադրելու, պաշտպանելու ենթ ժողովրդի թեկնածուին»:

Դիտարկմանը, որ ժողովրդի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, Ծառուկյանն արձագանքեց. «Ժողովրդի թեկնածուն Նիկոլն է, Սասունն է, թե Արարատն է, ում ժողովուրդը ում կհայտարարի, ում ներկայացնի, մեր ձայնը նրան ենք տալիս: Մենք թեկնածու չենք առաջադրում, որովհետեւ ժողովրդի հաղթանակը մենք մեզ վրա չենք վերցնում ու դա թող բոլորին հսականալի, ընկալելի լինի, եթե ես ասեցի, ուրեմն թող բոլորն իմանան` իմ ասածին ես տեր եմ»:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ թեկնածու չի առաջադրելու, սակայն ամեն ժամ իրավիճակը փոխվում է, եթե այդուհանդերձ ՀՀԿ-ն որոշի որեւէ տարբերակով թեկնածու առաջադրել, ինչպիսին կլինի իր մոտեցումը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «ՀՀԿ-ի հետ գործ չենք ունենալու, ոչ մի ձայն իրենց չեն տալու: Կառաջադրեն, չառաջադրեն, իրենք գիտեն, մենք իրենց ձայն չենք տալու ամբողջ թիմով»:

Ինչ վերաբերում է տարածվող լուրերին, թե Ծառուկյանը կարող է առաջադրվել վարչապետի թեկնածու, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Դա ՀՀԿ-ի աշխատանքն է, միշտ այն մարդկանց, որոնք հարգանք ունեն ժողովրդի մեջ, փչացնելու: Իրենց կեղտոտ աշխատանքն են կատարում: Նրանք վարկաբեկելու քայլեր են կատարում, այդ բոլորը հասկանալի է: Մենք դրան լուրջ չենք վերաբերում, նրանք ուզում են վարկաբեկեն, ցեխ շպրտեն ինձ ու իմ թիմակիցներին»:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երեւանում եւ Հայաստանի մի շարք քաղաքներում բազմահազարանոց հանրհավաքներ ու ակցիաներ էին տեղի ունենում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Բողոքի ակցիաները գլխավորում էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից եւ վարչապետի պաշտոնակատար դարձավ Կարեն Կարապետյանը:

Սրանով բողոքի ակցիաները չդադարեցին. Փաշինյանը պահանջում էր ՀՀԿ-ի հեռացումն իշխանությունից:

Վարչապետը ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: «Ելք»-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն էլ առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here