«Մենք համաժողովրդական շարժման մաս ենք կազմել առանց որևէ նախապայմանի, որովհետև մենք մեր ժողովրդի հետ  նախապայմանի ոճով չենք խոսում․ ինչ կլինի հետո՝ պարզ կլինի առաջիկա օրերին, բայց մենք պատրաստ ենք աջակցել և այդ աջակցությունը կարող է լինել տարբեր կերպ։ Բնականաբար, կլինեն բանակցություններ և այդ բանակցությունների ընթացքում կորոշվի հետագա համագործակցության ձևաչափը, իսկ այս պահի դրությամբ՝ ես որևէ կոնկրետ բան չեմ կարող ասել՝ մինչև չլինեն այդ բանակցությունները։ Կարծում եմ, որ այդ  բանակցությունները պետք է լինեն ոչ թե անձերի շուրջ, այլ ՝ սկզբունքների շուրջ»,-զրույցում նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս  են  պատկերացնում  հետագա համագործակցությունը  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ձևավորվելիք նոր կառավարության հետ։

Նաիրա Զոհրաբյանը հավելեց նաև․ «Եթե չպետք է լինի իշխանության բովանդակության փոփոխություն, այլ պետք է միայն անձերի, խմբավորումների փոփոխություն լինի, ապա չի բացառվում, որ 6 ամիս կամ մեկ տարի հետո՝ կանգնած լինենք մի այնպիսի խնդրի առջև, որ ստիպված կլինենք ասել՝ ինչո՞ւ այսպես ստացվեց։ Փոփոխություններ պետք է սկսենք յուրաքանչյուրս մեզանից և մեր երկրում արժեքային մտածողության փոփոխություն պետք է տեղի ունենա և ամենակարևորը սա է»։

Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ մեզ նոր կուռքեր պետք չեն, այլ հարկավոր են ռեալ և տեսանելի փոփոխություններ։

«Պետք է սկսել մեր երկրում արդարության վերականգնումից»,-նկատեց պատգամավորը։

Հարցին՝ կոալիցիա կկազմե՞ք ձևավորվող նոր իշխանության հետ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց․ «Այդ մասով քննարկումներ կլինեն և առաջիկա օրերին ձեզ կտանք այդ հարցի պատասխանը․ ամեն ինչ լինելու է բաց և հրապարակային և մեր ժողովրդի թիկունքում որևէ բանակցություն չենք վարելու»։

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here