Այսօր Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել նորանշանակ կառավարության անդամների մասնակցությամբ: Այս խորհրդակցությամբ, ըստ էության, միացված է նոր կաբինետի գործունեության ժամանակացույցը, մանավանդ, որ Փաշինյանը հանդես է եկել լակոնիկ, սակայն ծրագրային և բովանդակալից ելույթով:

Նախ` Փաշինյանը հստակ ամրագրել է նոր կառավարության հիմնական քաղաքական առաջնահերթությունը` նախապատրաստել խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Սրանով Փաշինյանը հստակ ուղերձ է հասցեագրում հասարակությանը, որ հավատարիմ է մնում թավշյա հեղափոխությունը հաղթական ավարտին հասցնելու առաքելությանը: Միով բանիվ, վարչապետն այսօր չի հստակեցրել հնարավոր ընտրությունների ժամկետները` թերևս, հասկացնելով, որ դրանց պետք չէ սպասել առաջիկա մի քանի ամիսներին` հատկապես, որ նշանակված նախարարների համար սահմանվել է գործունեության բավականին բարձր և հավակնոտ նշաձող:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրային աջակցությունն այն հիմնական գործոնն է, որի վրա պետք է հենվի կառավարության գործունեությունը: Թավշյա հեղափոխության առաջնորդը հստակ հասկացնում է, որ իր կառավարությունը հաշվետու է բացառապես հասարակությանը և որևէ կերպ պարտական չէ խորհրդարանին: Սա խիստ սկզբունքային արձանագրում է, որով Փաշինյանը փորձում է դնել զուգահեռ, ավելի կենսունակ համակարգի ձևավորման խնդիր` քրեաօլիգարխիային մղելով լուսանցք: Փաշինյանի այս թեզի հետևողական իրագործումը հանգեցնելու է թավշյա հեղափոխության արդյունքների կապիտալիզացիային:

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթի երրորդ կարևոր շեշտադրումը` կառավարությունը ձերբազատելն է այն քաղաքական ուժերից, որոնք իրենց նոր կաբինետի, այսպես ասած, բաժնետեր են համարում: «Գիտենք, որ կառավարության կազմում ընդգրկված են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, բայց կառավարությունը պետք է գործի որպես թիմ, հակառակ դեպքում՝ մենք չենք կարող լինել արդյունավետ, և ես ինձ համարում եմ երաշխավոր, որ կառավարությունն այդպես էլ կգործի: Հույս ունեմ, որ այստեղ ունենք լիարժեք և փոխադարձ ըմբռնում»,- ասել է վարչապետը: Փաշինյանը կառավարության ձևավորման գործընթացում արդեն իսկ վետո էր կիրառել ԲՀԿ-ի առաջադրած որոշ թեկնածուների նշանակման ժամանակ, իսկ այսօրվա հրապարակային խոսքով` հատկապես ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին, հասկացրել է` որևէ կերպ չմիջամտել կառավարության գործունեությանը կամ կաբինետը չվերածել կլանային բախումների թատերաբեմի: Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե ականազերծում է իր կառավարության գործունեության դաշտը` փակելով հակահեղափոխական ռևանշի, նենգադուլի սողանցքը:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here