Ժամանակ չեմ ունեցել Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը ծանոթանալու՝ խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ռուսական ՆՏՎ հեռուստաընկերությանը Քոչարյանի տված մեկնաբանության:

Ռոբերտ Քոչարյանը, ռուսական ՆՏՎ հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում մեկնաբանելով Հայաստանում իրավիճակը, հայտարարել էր, թե իշխանությունը ճամպրուկ չէ, որ տան Նիկոլ Փաշինյանին, և նա ստիպում է մեծամասնությանը դեմ գնալ սեփական խղճին:

Ռոբերտ Քոչարյանի արձագանքը ինքնին հետաքրքիր է՝ անկախ բովանդակությունից: Հետաքրքիր է այն առումով, թե ինչո՞ւ է ՆՏՎ հեռուստաընկերությունը որոշել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն վերցնել մարդուց, որը տասը տարի առաջ Մարտի 1-ով թողել է իշխանությունն ու տասը տարի շարունակ սպասում էր վերադառնալու հարմար պահի՝ նաև ստվերային կամ կիսաստվերային մեխանիզմներով փորձելով հնարավորինս հասունացնել այդ պահը՝ այդ թվում ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև պետության համար խնդրահարույց իրավիճակների գնով:

Չի բացառվում, որ Քոչարյանն իշխանության խիղճը պատկերացնում է հենց ուժի կիրառումը և դա նկատի ունի, երբ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է իշխանությանը խղճին դեմ գնալ ստիպելու համար: Նիկոլը իսկապես ստիպեց, որ իշխանությունը «դեմ գնա խղճին»՝ գործնականում առաջնորդվելով կարգախոսով ու տեխնոլոգիայով, որը փաստացի արգելափակեց ուժի կիրառումը, այսպես ասած՝ «մարգինալացրեց» բռնությունն ու ուժը քաղաքական այդ գործընթացում:

Ինչ խոսք, այստեղ ահռելի նշանակություն ունեցան նաև այլ գործոններ, մասնավորապես տեղեկատվական նոր դարաշրջանը, երիտասարդության նոր շերտը, նաև արտաքին կենտրոնների մոտեցումները, ընդհուպ Ռուսաստանի: Մինչդեռ ակնառու էր նաև, հատկապես ապրիլի 25-ի առավոտից, թե իշխող համակարգի որոշ շերտեր ինչպես են սկսել ինտենսիվ աշխատել Կրեմլի «խիղճն» արթնացնելու, իշխանության պահպանման անվերապահ աջակցություն ապահովելու համար:

Կրեմլը, սակայն, համենայնդեպս՝ մինչ այժմ, իրավիճակի գնահատման և արձագանքի տեսանկյունից դրսևորած բացառիկ համարժեքությամբ արդարացրեց իրեն: Մի բան, որը դժվար է ասել Ռոբերտ Քոչարյանի մասին, առաջին հերթին՝ որպես մարդու, որը տասը տարի եղել է Հայաստանի երկրորդ նախագահ և գործնականում պատասխանատու է ներկայիս իրավիճակի համար, մեղմ ասած, ոչ պակաս, քան պաշտոնաթող երրորդ նախագահ և հրաժարական ներկայացրած վարչապետ Սերժ Սարգսյանը: Թեև գուցե հենց պատասխանատվության զգացումն է Ռոբերտ Քոչարյանին ստիպել մտահոգություն արտահայտել հնարավոր իշխանափոխության կապակցությամբ:

Միևնույն ժամանակ, այդ տեսանկյունից էլ բացառիկ համարժեքություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանը՝ նախ Ռոբերտ Քոչարյանին չպատասխանելով ատամ ընդ ատաման սկզբունքով, և բացի այդ՝ իր գործողությունների հիմքում դնելով կարևորագույն սկզբունք՝ առանց բռնության, առանց հաշվեհարդարի, առանց «վենդետայի» հեղափոխություն, հասարակական և ազգային համերաշխության մթնոլորտի ձևավորում:

Դա ուժեղ հեղափոխություն է, դա հեղափոխության ուժն է՝ առաջին հերթին հակահեղափոխության դեմ կամ պոստհեղափոխական քաոսի դեմ: Այդ հարցերը շատ ավելի կարևոր են, քան առաջին հայացքից արդարության մեծագույն ծարավը, որքան էլ հանրությունը օբյեկտիվորեն ունի հետահայաց արդարադատության պահանջ:

Խոսքն անշուշտ չի կարող վերաբերել ծանր հանցագործություններին, առավել ևս մարդասպանություններին, որոնք չունեն և չեն կարող ունենալ վաղեմության ժամկետ: Բայց խոշոր հաշվով, ընդհանուր պետական ուղղության մասով շատ կարևոր է քինախնդրության չտրվելն ու գիծ քաշելու կարողությունն ու կամքը:

Ներկան պետք է ծառայի ապագային, ոչ թե անցյալը ծառայեցվի ներկային:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here