loading...

Երեկ երգիչ եւ դերասան  Գոշը նշում էր ծննդյան 21-ամյակը: Գոշը պատմել է անմոռանալի տարեդարձի, անակնկալների եւ առաջնահերթ երազանքների մասին:

Նրա խոսքով՝ տարեդարձը նշելու ցանկություն չի ունեցել, բայց «Ոսկե դպրոցի» անձնակազմը հոգացել է, որ օրն անմոռանալի անցնի:

«Անկեղծ ասած՝ ընդհանրապես մտադրություն չունեի ծնունդս նշելու, սակայն «Ոսկե դպրոցի» մեր թիմը համաձայն չէր իմ մտադրության հետ եւ ինձ խաբելով՝ տարավ երեւանյան ժամանցի կենտրոններից մեկը՝ խմելու: Արդյունքում, նրանք ինձ երեկոյան տարան, իսկ առավոտյան ես ոչինչ չէի հիշում: Շատ ուրախ օր ունեցա, որի համար շնորհակալ եմ նրանց»,- պատմեց Գոշը:

Պարզվում է՝ «Ոսկե դպրոցի» պրոդյուսեր Վաչե Թովմասյանը ոչ միայն Գոշի  տարեդարձը նշելու մասին է մտածել, այլեւ՝ անմոռանալի նվերի:

«Ամիսներ առաջ Վաչեի հետ մեր զրույցներից մեկի ժամանակ ասել էի, որ շատ եմ սիրում Լոս Անջելեսում բնակվող հայ վիդեոբլոգերին՝ Antic-ին, ով ունի իր հագուստի եւ աքսեսուարների հավաքածուն: Իսկ երեկ երեկոյան Վաչեն իր պայուսակից շատ հանկարծակի հանեց այդ հավաքածուն, որից անակնկալի եկա ու շատ ուրախացա: Հաճելի էր, որ նա ուշադիր էր եղել եւ ընտրել էր այնպիսի նվեր, որն ինձ համար շատ սպասված ու սիրելի է»,- նշեց մեր զրուցակիցը:

Գոշն ընդամենը 21 տարեկան է, բայց արդեն ունի սեր ու ճանաչում: Հարցին, թե ի՞նչ է ուզում, որ այս տարիքում իր հետ կատարվի, նշեց.

«Գիտեք, այնքան դժվար չէ ճանաչում ու սեր ձեռք բերելը, որքան դա պահպանելը: Դրա համար ուզում եմ կարողանալ այս տարիքում պահպանել եւ ավելացնել այդ ամենը: Ամեն դեպքում, ես ամեն ինչ անում եմ այդ ուղղությամբ, աշխատում եմ՝ ջանք ու եռանդ չխնայելով, ես միշտ փորձում եմ լինել ազնիվ իմ քայլերում եւ ապագայում էլ այդպես է լինելու»:

Գոշն իրեն առաջին հերթին երգիչ է համարում, իր խոսքով՝ դերասանական արվեստում իրեն փորձեց, բայց իր երազանքները կապված են երգչի կարիերայի հետ:

«Երգարվեստն ինձ համար միշտ առաջնային է, ես ուզում եմ ապագայում ավելի շատ որպես երգիչ կայանալ»,- նկատեց նա:

Գոշն ընդգծեց՝ միջազգային շուկա մուտք գործելու մասին մտածում է, բայց Հայաստանից հեռանալու մասին՝ ոչ.

«Բնականաբար, ցանկություն ունեմ հասնելու միջազգային շուկա, բայց միայն այն պատճառով, քանի որ դա ավելի մեծ հնարավորություններ է տալիս երգչին: Սա այն դեպքը չէ, որ մտածեմ իմ երկրում զարգանալու, հետո ինձ միջազգային շուկային նվիրելու մասին: Ինչ էլ պատահի, ես ինձ միայն Հայաստանում եմ պատկերացնում»,- հավելեց նա:

Զրույցի վերջում, խոսելով նաեւ Գոշի անձնական կյանքի մասին, որն անընդհատ քննարկվում է, երգիչը կես կատակ, կես լուրջ պատասխանեց.

«Չեմ հիասթափեցնի շատերին ու կասեմ, որ սիրտս ազատ է, ընկերուհի չունեմ: Միաժամանակ, վստահաբար կասեմ, որ եթե իմ կյանքում մեկը լինի, ապա նրան չեմ թաքցնի»:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here