Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր գերատեսչական խորհրդակցություն է անցկացրել և հայտարարել է, թե ադրբեջանական բանակը ղարաբաղյան ճակատում լիովին պատրաստ է լայնամասշտաբ պատերազմի: Այս մասին տեղեկացնում է ռուսական Независимая газета-ն` հավելելով, որ Բաքուն արձագանքում է Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններին:

Ենթադրաբար` խոսքը վերաբերում է մայիսի 9-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, որտեղ կարևորվել էր ԼՂՀ մասնակցության վերականգնումը բանակցային գործընթացում: Միջնորդ երկրները որևէ կերպ չեն արձագանքել Փաշինյանի խոսքին և ահա` առաջին արձագանքը ստացվեց Բաքվից: Ադրբեջանի իշխանության արձագանքը կանխատեսելի էր, որովհետև բանակցային ձևաչափի փոփոխության առաջարկն որոշակիորեն լեգիտիմացնում է պատերազմ սանձազերծելու Բաքվի մտադրությունը: Հասանովի հայտարարությունն, իհարկե, պետք չէ ընդունել ուղղակիորեն և վստահ պնդումներ անել, թե պատերազմի վերսկսումը օրերի կամ շաբաթների հարց է: Պետք չէ խուճապի մատնվել, մյուս կողմից`  չի կարելի կորցնել զգոնությունը և Բաքվից հնչած բոլոր հայտարարությունները համարել հոգեբանական ճնշման գործիք կամ քարոզչական պատերազմի բաղադրիչ:

Նոր պատերազմի վերսկսումը հնարավոր է միշտ ու դրան նպաստում է, առաջին հերթին, տարածաշրջանային միլիտարիզացիայի բարձր մակարդակը: Սակայն միայն այդ գործոնը բավարար չէ, որպեսզի Ալիևի իշխանությունը գնա նման բեկումնային քայլի. 2016-ի պատերազմից հետո Բաքուն մշտապես ձգտել է ստանալ, այսպես կոչված, պատերազմելու միջազգային «թույլտվություն»: Դա խիստ էական է հատկապես հիմա, երբ թավշյա հեղափոխության հետևանքով կտրուկ բարձրացել է Հայաստանի միջազգային հեղինակությունը ու Ադրբեջանի պատերազմը կարող է ընկալվել որպես դեսպոտիզմի մարտահրավեր դեմոկրատիային:

Սակայն աշխարհում, հումանիտար արժեքներից զատ, ու գուցե` առաջին հերթին, քաղաքականությունը կառուցվում է կոնկրետ շահերի հենքով:

Անցած երկու տարիներին Ադրբեջանը հետևողականորեն փորձել է վերականգնել 2016-ի մինչպատերազմյան տարածաշրջանային ստատուս-քվոն, այլ խոսքով` պատերազմի վերսկսման քարտ-բլանշ ստանալ Մոսկվայից: Անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այս խնդիրը երկու անգամ բարձրացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումներում, սակայն ստացել է վերջինիս դիվանագիտական մերժումը:

Արդյո՞ք Հայաստանի թավշյա հեղափոխությունը փոխել է Մոսկվայի մոտեցումները: Նման պնդումներ անելու համար հրապարակային առիթներ չկան: Ռուսաստանի իշխանությունը նույնիսկ սառնասրտորեն է արձագանքում հայաստանյան իրադարձություններին: Սակայն Մոսկվայի այդ անբնական հանգստությունն էլ հենց տագնապ է ծնում, որովհետև Ռուսաստանում, կարծես թե, փոխել են մարտավարությունը և հայկական հեղափոխությանը որոշել են հակազդել այլ գործիքներով: Օրինակ` սահմանափակվում է լոլիկի և վարունգի արտահանումը Հայաստանից Ռուսաստան: Չի բացառվում, որ նոր պատերազմը կամ դրա սպառնալիքը Մոսկվայի հոգեբանական ճնշման հարուստ զինանոցի միջոցներից մեկն է:

Մյուս կողմից` Իրանի հետ կապված վերջին դրամատիկ իրադարձությունները շեշտակիորեն մեծացնում են տարածաշրջանային լարվածությունն` օբյեկտիվորեն ծնելով նոր սպառնալիքներ անվտանգային միջավայրի համար: Այս փաստը կարող է քաջալերել Բաքվին, որովհետև հարաբերական կայունության ապահովման միջազգային գործիքների ու երաշխիքների ճգնաժամը հարուցում է քաոտիկ իրավիճակ:

Աշխարհաքաղաքական նման իրավիճակում Հայաստանի նոր իշխանությունը պետք է հնարավորինս արագ դուրս գա, այսպես կոչված, հայկական օրակարգից` ուշադրության կենտրոնում պահելով տարածաշրջանային, գլոբալ քաղաքականությունը: Այս առումով խիստ հուսադրող է ԱԳ նախարարի պաշտոնում փորձառու դիվանագետ Զոհրաբ Մնացականյանի նշանակման լուրը:

Ինչ մնում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն, այն, անշուշտ, օբյեկտիվ և մոտիվացված է, սակայն կհամարձակվենք պնդել, որ նախապատրաստված չէր, եփված չէր, այսպես կոչված, դիվանագիտական մակարդակում: Միայն թավշյա հեղափոխության փաստը և Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացումը բավարար չէ, որպեսզի միջազգային հանրությունը լեգիտիմացված համարի բանակցային ձևաչափի փոփոխության Երևանի առաջարկը: Դրա համար անհրաժեշտ է հեղափոխության արդյունքների կապիտալացում բոլոր ոլորտներում և իհարկե` Հայաստանի նոր իշխանության ակտիվ և նպատակային դիվանագիտական գործունեություն:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here