Երիտասարդ դերասան Միկա Ղափլանյանը հեռուստադիտողներին ներկայացել է «Կյանքից առավել», «Աբելի քույրը», «Սահմանին 2» նախագծերում, թեև  նրան առավել հայտնիություն բերեց «Էլենի օրագիրը» հեռուստասերիալը, որտեղ մարմնավորում է Զորիին։ Համացանցում Միկայի մասին քիչ տեղեկություններ կան։ Tert.am Life–ը զրուցել է 24–ամյա դերասանի հետ ու պարզել, թե ինչպե՞ս նա հայտնվեց այս ասպարեզում։

Կրթություն

Դպրոցից հետո ընդունվեցի Թատերական ինստիտուտ, սակայն անձնական խնդիրների պատճառով կիսատ թողեցի ուսումս։ Ավելի ուշ մասնագիտական կրթություն ստացել եմ Աբել Աբելյանի դերասանական ստուդիայում, սակայն ցանկություն ունեմ սովորելու նաև համալսարանում։ Ուզում եմ նոր բան սովորել` մասնագիտանալ լեզուների գծով։ Սա դեռ ցանկություն է, նպատակ չէ։

Աշխատանք

Ներկայումս միայն  դերասանի աշխատանքով եմ զբաղվում։ Նախկինում շատ աշխատանքներ եմ արել` սկսած  մատուցողից ու վաճառողից։ Աշխատել սկսել եմ 16-17 տարեկանից։ Առաջին աշխատանքս խանութում էր` որպես վաճառող։ Ես շատ եմ կարևորում աշխատանք ունենալը։ Եթե չաշխատես, ուրեմն ի՞նչ անես։

Դերասանական ոլորտ մտա 19-20 տարեկանում։ Շատ պատահական ստացվեց։ Թեև մտքումս վաղուց կար դերասանական ոլորտ մտնելու ցանկություն, չէի պատկերացնում, որ այսքան կխորանամ ու կսիրեմ այս մասնագիտությունը։ Ի սկզբանե, պատկերացում չունեի այս մասնագիտության մասին։ Սովորելու ընթացքում հասկացա, որ այն ինձ շատ է դուր գալիս։ Խաղացել եմ նաև մանկական ներկայացումներում, սակայն որևէ թատրոնում ներգրավված չեմ։ Դրանք կոմերցիոն ներկայացումներ են եղել։

Ծանոթ, ընկեր, բարեկամ…

Շատերին թվում է` հեռուստատեսություն միայն  ծանոթի միջոցով կարող ես մուտք գործել։ Ես ծանոթ շատ ունեմ այս ասպարեզում, սակայն ոչ մի անգամ չեմ դիմել իրենց։ Որևէ մեկը չի միջնորդել, որ նկարահանվեմ որևէ նախագծում։ Ես բոլոր նախագծերում ընդգրկվել եմ քասթինգի մասնակցելուց հետո։ Կարծում եմ` այս դեպքում կա նաև բախտի գործոնը։

Ինքնաքննադատություն

Ես, անպայման, նայում եմ սերիալը, հետևում եմ խաղիս։ Կան բաներ, որոնք ինձ դուր են գալիս, կան բաներ` ոչ։ Փորձում եմ վերլուծել և շտկել սխալներս։ Կարելի է ասել, ինքնաքննադատ եմ։ Փորձում եմ լսել նաև այլ կարծիքներ։ Աբելի մոտ սովորելուց հետո նա նաև իմ ընկերն է դարձել։ Իր հետ վերլուծում եմ,  հասկանում կերպարը։

Սերիալում որքան էլ վերլուծես, հասկանաս կերպարը, կերպարովդ չես զբաղվում այնպես, ինչպես թատրոնում կամ գեղարվեստական ֆիլմում, քանի որ չկա ամբողջական սցենար։ Դու գտնում ես կերպարը, հասկանում ես իր տեսակը, սակայն շատ բան կախված է հետագա զարգացումներից։

Հայտնիություն

Հայտնի դառնալը նորություն կամ լավ իմաստով սթրես չբերեց իմ կյանք։ Իմ կենսակերպը չի փոխվել։ Իհարկե, ուշադրության կենտրոնում լինելը պարտավորեցնող է, սակայն ես հիմա ինձ պահում եմ այնպես, ինչպես առաջ։ Անում ու ասում եմ այն, ինչ ուզում եմ։ Ես չզգացի այդ ամենը։ Հաճելի է, երբ մարդիկ քեզ ժպտում են, հաճոյախոսում, լուսանկարվում, սակայն միշտ ասում եմ` կուզեմ մի օրով զգալ` ինչ ասել է «զվյոզդը տարած»։)

Միկայի և Զորիի նմանությունները

Իմ կյանքում բեկումնային էր «Էլենի օրագրում» Զորիի կերպարը մարմնավորելը։ Դրանից հետո մարդիկ սկսեցին ճանաչել ինձ։ Ես գիտեի, որ դրական կերպարով մտնում եմ բարձր ռեյթինգ ունեցող նախագիծ։ Սպասում էի լավ արձագանքների, ոչ այսքան շատ։

Ես ու Զորիի կերպարը և՛ նմանություններ ունենք, և՛ տարբերություններ։ Զորին բավականին բարի ու կամեցող մարդ է։ Լինելով հարուստ ընտանիքի տղա` նա ընկերություն է անում աղքատ տղայի հետ, սոցիալական տարբերություն չի դնում իրենց միջև։ Չեմ ասում` ես իրականում հարուստ եմ, ընկերություն եմ անում աղքատ տղաների հետ, սակայն մարդկային այդ լավ կողմը կա նաև իմ մեջ։ Իհարկե, տարբերություն էլ կա իմ ու կերպարիս միջև, սակայն չեմ ուզում խոսել այդ մասին, քանի որ մարդիկ սխալ կհասկանան ինձ։)

Ընտանիք

Ընտանիքս կտրականապես դեմ էր դերասան դառնալու որոշմանս, սակայն կանգ չառա։ Չեմ հիշում մի դեպք, որ ինչ–որ բան ուզեմ ու չհասնեմ նպատակիս։ Դա կարող է երկար ժամանակ խլել, սակայն եթե իմ առաջ նպատակ դրեցի, մինչև վերջ կգնամ։ Հիմա արդեն ընտանիքիս անդամները համակերպվել են որոշմանս հետ ու այլևս դեմ չեն։)

Ապագայի ձգտումներ

Շատ եմ ուզում ներկայանալ նաև գեղարվեստական ֆիլմերում։ Կարծում եմ` ցանկությունս կիրականանա։

Ես ընտրել եմ դերասանի մասնագիտությունը, որպեսզի գումար աշխատեմ։ Սա ասում եմ կեսկատակ, կեսլուրջ։ Նախընտրում եմ չխոսել, թե այս պահին որքանով է շահութաբեր դերասանի աշխատանքը։ Ես հավատում եմ, որ Հայաստանում այս ասպարեզը կարող է շահութաբեր լինել։ Ես չեմ ընդունում, երբ ասում են` «սոված դերասան»։ Դա վիրավորական է, թեև ինչ–որ առումով հասականում եմ ինչու է ծնվել այդ կարծիքը` դերասանի մասնագիտությունն ու փողն իրար կողքի Հայաստանում ծիծաղ են առաջացնում, բայց իմ ցանկությունն է, որ թեկուզ տարիներ անց այս արտահայտությունս այլևս ծիծաղ չառաջացնի։ Շատերի մեջ դուրս գնալու ցանկություն կա, ես ուզում եմ մնալ Հայաստանում և աշխատել այս մասնագիտությամբ։

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here