ՀՀ ԿԳՆ Արայիկ Հարությունյանն առաջարկել է վերանայել աշխատանքից հեռացված դասախոսների աշխատանքի վերականգնման հնարավորությունները։

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը ստորագրել է  հրաժարականի դիմում: Մինչ բուհի նոր ռեկտորի ընտրությունը, Շիրակի պետական համալսարանը ժամանակավորապես կղեկավարի պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը։

Բուհի խնդրի հանգուցալուծման նպատակով մայիսի 15-ին Գյումրիում էր այցելել ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը  նախ հանդիպում ունեցավ ռեկտոր Սահակ Մինասյանի և ուսանողների ու դասախոսների հետ, ապա պատասխանեց լրագրողների  հարցերին:

Շիրակի համալսարան, արխիվային լուսանկար

«Պարոն Մինասյանը շատ լուրջ քայլի է գնացել, սա փոխզիջումային ողջունելի քայլ է առկա իրավիճակը հանդարտեցնելու և ակադեմիական գործընթացը վերականգնելու համար: Ես պրոֆեսորադասախոսական կազմին խորհուրդ եմ տալիս չսրել իրավիճակը: Սա լուծում է, որը թույլ կտա դուրս գալ ստեղծված իրավիճակից: ԿԳ նախարարությունը ելնելու է բացառապես ոլորտի շահերից, որեւէ մեկին առավելություն չի տրվելու: Ես հաջորդ շաբաթ կրկին կգամ Գյումրի, կհանդիպեմ դասախոսների և ուսանողների հետ»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Հանդիպման ժամանակ Սահակ Մինասյանը վստահեցրեց, որ իր`ժամանակավորապես  պաշտոնը լքելու որոշումը կապ չունի բուհի կառավարման խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանի հրաժարականի հետ: «Ամեն ինչ չկապենք  դրա հետ: Մեր մոտ ինստիտուցիոնալ խնդիրներ կան, և եթե չլինեին այդ խնդիրներն, ամեն ինչ իրավական դաշտ  կտեղափոխվեր»,-նշեց  Սահակ Մինասյանը՝  փաստելով, որ Ֆելիքս  Ցոլակյանի հրաժարականից հետո անհրաժեշտություն է  առաջ եկել բուհի նոր կառավարման խորհրդի կազմ ձևավորել: Սահակ Մինասյանը  չմանրամասնեց հետագա քայլերը, այդ թվում`չասաց`  կմասնակցի՞ բուհի  ռեկտորի նոր ընտրություններին: «Հետոյի մասին կասեմ հետո»,-հավելեց  նա:

Գյումրի, Շիրակի համալսարանի մոտ

«Կարծում եմ բոլոր բուհերում ու ուսումնական  հաստատություններում խնդիրները պետք է այսպես  լուծվեն՝  բանակցությունների ու փոխզիջումների միջոցով: Պետք է  հաշվի առնենք, որ  Հայաստանում իրավիճակ է փոխվել, ունենք նոր իրողություններ, բայց այդ իրողությունները չպետք է մեզ հանեն օրենքի  ու օրինականության դաշտից: ՀՀ ԿԳ  նախարարությունն ամբողջությամբ շահագրգիռ կողմերի տրամադրության տակ է»,- նշեց Արայիկ Հարությունյանը`  ավելացնելով, որ այս ընթացքում հանդիպումներ  է ունեցել կողմերի հետ:

«Ինձ համար  անընդունելի  էր բուհում ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ փոխադարձ  վիրավորանքի պայմաններում «լուծվում»  էր Հայաստանի բուհերից մեկի՝  Շիրակի համալսարանի հարցը »,-հավելեց նախարարը:

ՀՀ ԿԳՆ Արայիկ Հարությունյանն առաջարկել է վերանայել աշխատանքից հեռացված դասախոսների աշխատանքի վերականգնման հնարավորությունները։

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here