Այսօր՝ մայիսի 1-ին, ԱԺ-ում հրավիրվել է հատուկ նիստ՝ քննարկելու ՀՀ վարչապետի պաշտոնում «Ելք» խմբակցության կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը քննարկելու և ընտրելու հարցը:

«Ուղիղ 1 ամիս առաջ Գյումրիում սկսված «Իմ քայլը» շարժումը  դրամատիկ և շրջադարձային կերպով փոխեց ներքաղաքական իրավիճակը Հայաստանում»,- իր ելույթում հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ շարժման հիմնական նպատակը եղել է Սերժ Սարգսյանի կողմից իշխանավարման երրորդ ժամկետը կանխելը:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվեց ոստիկանական մի քանի շարքերով, փշալարերով ու զինտեխնիկայով շրջապատված Ազգային ժողովում. ««Քայլ արա՝ մերժիր Սերժին» կարգախոսն ուղղված էր ոչ թե մեկ անձի դեմ (քավ լիցի, մենք մեկ անձի դեմ չենք պայքարել և չենք պայքարելու), այլ այդ կարգախոսն ուղղված էր այն համակարգի դեմ, որը մարմնավորում է Սերժ Սարգսյանը: Եվ ուրեմն ժողովրդի նպատակն է Հայաստանում կոռումպացված բիրտ համակարգը արմատախիլ անել»:

«Հանրապետական վերնախավը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է մուկն ու կատու խաղալ սեփական ժողովրդի հետ և մինչև այս պահն էլ չի հայտարարել, որ քվեարկելու է ժողովրդի թեկնածուի օգտին՝ չնայած հասկանում են, որ դա է ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու, Հայաստանը կայուն զարգացման վրա դնելու միակ ճանապարհը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ իրենք իրենց քայլերով ստեղծել են բոլոր հնարավորությունները Սերժ Սարգսյանի և ՀՀԿ վերնախավի արժանապատիվ հեռացման համար. «Բայց այս մարդիկ նման պահվածքը թերևս հակված են  ընկալել որպես թուլություն: Ըստ օդում կախված լուրերի՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը սկսել են ճնշումներ գործադրել ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների վրա: Հայտնի տանդեմը համաժողովրդական ալիքը կասեցնելու և կրկին իշխանության վերադառնալու ծրագիր է մշակել, որի հիմնական գործիքը շարունակում է մնալ նույնը՝ սպառնալիքները, ֆիզիկական և հոգեբանական ճնշումները, կոմպրոմատները»:

«Պարոնա՛յք, դուք չէիք հասկանում և շարունակում եք չհասկանալ Հայաստանում հաստատված վիճակը, և ուզում եմ զգուշացնել՝ համաժողովրդական շարժման հանդուրժողականությունը որպես թուլություն մեկնաբանելու ձեր փորձերը կարող են բերել անկանխատեսելի և անցանկալի հետևանքների: Սթափվե՛ք, քանի դեռ ուշ չէ, որովհետև ձեր պահվածքը կարող է քաղաքական ցունամիի պատճառ դառնալ»,- նշեց Փաշինյանը:

Նա կրկին ՀՀ քաղաքացիներին կոչ արեց հեղեղել Երևանի և հանրապետության մյուս քաղաքների փողոցները և հրապարակները:

Փաշինյանը դիմեց նաև սփյուռքահայերին. «Ձեր հուսյն ու հաղթանակը ցանկանում են գողանալ, և այս պահին որտեղ էլ լինեք՝ դուրս եկեք փողոց և ի ցույց դրեք ազատ և երջանիկ Հայաստան ունենալու ձեր կամքը: Այսօր մենք չենք կարող տանուլ տալ մեր հզոր ապագան»:

Փաշինյանը դիմելով ԱԺ բոլոր պատգամավորներին՝ ասաց. «Սա Հայաստանի քաղաքացիների, այդ թվում՝ ձեր ազատագրման ժամն է: Ժողովրդի հաղթանակն ու ցնծությունը պետք է արձանագրվի հենց այսօր տեղի ունենալիք քվեարկության արդյունքներով»:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here