Նախօրեին բավականին լարված էր Երևանի քաղաքապետարանի շուրջ վիճակը, որտեղ Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու ճակատագրով մտահոգ և ծառահատման խնդիրներ տեսնող քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացրել, մուտք գործել քաղաքապետարան և պահանջում էին Տարոն Մարգարյանի հրաժարականը: Հետևեց բավականին անսպասելի քայլ՝ քաղաքապետարանի մոտ հավաքվեցին նաև Տարոն Մարգարյանի կողմնակից քաղաքացիներ, որոնք վանկարկում էին Մարգարյանի աջակցության կոչեր:

Անկախ տեղի ունեցածի շարժառիթներից և քաղաքացիների մղումներից՝ անկասկած է, որ տեղի ունեցածը, կամա, թե ակամա, տեղավորվելու էր Հայաստանում ստեղծված ներքաղաքական նոր մթնոլորտի և հայտնի իրողությունների տրամաբանության շրջանակում և ինքնաբերաբար դիտարկվելու է այդ համատեքստում:

Տարոն Մարգարյանն, ըստ էության, ՀՀԿ ներկայումս ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը Հայաստանի կեսից ավելին հանդիսացող քաղաքի քաղաքապետն է, ըստ էության՝ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար, բայց մարմին, որը Հայաստանի մարմնի կեսից ավելին է: Այդ իմաստով, Տարոն Մարգարյանը դե ֆակտո հանդիսանում է գործադիր իշխանության լծակների մասով ՀՀԿ վերջին բաստիոնը, թեկուզ ՏԻՄ մակարդակով գործադիր իշխանության: Երևանի մասշտաբը էապես փոխում է դրա քաղաքական նշանակությունը և տալիս գրեթե կիսապետական մասշտաբ:

Մյուս կողմից՝ արդյո՞ք գործադիր իշխանությունը վերցրած թավշյա հեղափոխության համար ներկայումս ռացիոնալ խնդիր է Երևանի քաղաքապետի դիրքերի թիրախավորումը՝ հատկապես հաշվի առնելով այն, որ այս մասշտաբում արդեն գործում են բոլորովին այլ հանգամանքներ, Տարոն Մարգարյանի բոլորովին այլ ընկալում Երևանի մասշտաբով: Միևնույն ժամանակ, գործնականում այդ թիրախավորումը ամենևին էլ չկա, համենայնդեպս Տարոն Մարգարյանի դիրքերը «գրոհած» քաղաքացիները հանդես են եկել որպես երևանցիներ և որևէ կերպ չեն ասոցացվում նոր կառավարության հետ: Բայց այստեղ խնդիրը հանգում է դե ֆակտո ընկալումներին, և այդ իմաստով է, որ Երևանի քաղաքապետարանի շուրջ նախօրեին ծավալված իրադարձությունները, կամա, թե ակամա, ընկալվելու են իբրև «հեղափոխության ճյուղերից» մեկը, ըստ այդմ՝ դրա արդյունքը ինքնաբերաբար «ընկնելու» է հեղափոխության վարկանիշի վրա, և այստեղ մեծ է հավանականությունը, որ ընկնելով դրա վրա՝ կարող է «գցել» հեղափոխության վարկը:

Այդ ռիսկերը պետք է լինեն նկատելի, և ըստ այդմ՝ պետք է դրանք առաջացնող որևէ քաղաքացի իրեն պատասխանատու զգա ապրիլ-մայիսին քաղաքացիների համաժողովրդական պայքարի արձանագրած անսպասելի և գրեթե փայլուն արդյունքի համար, այդ արդյունքի առաջ՝ խուսափելով հետագա գործողություններով դրան վնաս հասցնելու ռիսկերից: Առավել ևս, որ հեղափոխության արդյունքին վնաս հասցնելու սպասողների պակաս չկա և չի լինելու:

Տարոն Մարգարյանը նախօրեին դիմակայեց գրոհին և միավոր գրանցեց իր օգտին: Այդ միավորը առայժմ չի հանվել հեղափոխության հաշվից, սակայն պետք է լինել զգույշ և աչալուրջ, օգնել, ոչ թե կատարել քայլեր, որոնք կարող են միայն ու միայն վնասել Հայաստանում ձևավորված նոր մթնոլորտին: Ի վերջո, պետք է հասկանալ, որ ներկայումս իրավիճակը բավական բարդ և պատասխանատու մի փուլում է, որտեղ ոգևորությունը չպետք է կտրի իրականությունից:

Ըստ այդմ՝ եթե նույնիսկ քաղաքացիները պատրաստվում են հետևողական լինել քաղաքապետի հրաժարականի պահանջի հարցում, ընդ որում՝ դա արդեն անկախ թավշյա հեղափոխության ներքաղաքական խնդիրներից և պարզապես Հայաստանում քաղաքացիական իրավունքների վերելքի տրամաբանության շրջանակում, այդ խնդիրը պետք է հետապնդեն իրականությունից ոչ միայն չկտրվելով, այլ առանց ավելորդ ոգևորության և իրենց ու հանդիպակաց կողմի ռեսուրսների մանրակրկիտ հաշվարկով և դրա վրա կառուցված մարտավարությամբ՝ համապետական քաղաքացիական ձեռքբերումները չվտանգելու համար:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here