Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր ծավալուն հոդված է հրապարակել iLur.am կայքում, որտեղ անդրադարձել է հետհեղափոխական զարգացումներին կամ հուզումներին:

«Այսօր վախերը վերացել են, և մարդիկ փորձում են այդ խնդիրները լուծել Փաշինյանի կուռ, կարգապահ, առաջնորդի հրահանգները հստակորեն կատարող շարժման մեթոդով:

Բայց հաշվի չի առնվում մի կարևորագույն հանգամանք. Փաշինյանն այսօր Հայաստանի վարչապետն է, պետության գլուխը, որի կարևորագույն պարտավորությունը պետական մարմինների բնականոն գործունեության ապահովումն է: Ուստի, թեկուզ անկեղծ մղումներով, այդ ինքնագործ ցույցերն ու մանավանդ շենքերի գրավումներն ու փողոցների փակմամբ երթևեկությունը խափանելու դեպքերը, վերջին հաշվով, թեև ոչ միտումնավոր, ուղղված են հենց Փաշինյանի դեմ»,- գրել է առաջին նախագահը: Լևոն Տեր-Պետրոսյանի փորձառությունը, սակայն, հուշում է, որ հասարակության օբյեկտիվ դժգոհությունները մանիպուլացվում են նախկին իշխանության կողմից, որն իրեն ամենևին էլ կապիտալացված չի համարում: «Բացառված չէ, սակայն, որ շարժման ակտիվիստների բողոքի անկեղծ և ինքնաբուխ գործողություններից բացի, որոշ նման ակցիաներ հրահրվում են նաև նախկին ռեժիմի կողմից, որը, թեև նահանջել է, բայց ամենևին չի կապիտուլացվել:

Մի քանի օր հետո, պարզ է, որ հանրապետականները հաստատելու են կառավարության ծրագիրը` երկրի կառավարման ամբողջ պատասխանատվությունը դնելով Փաշինյանի վրա և խուսափելով իրենց համար այս պահին ոչ ձեռնտու արտահերթ ընտրությունների անցկացումից: Դրանից հետո նրանք, որ դեռ շարունակում են պահպանել իրենց կուռ շարքերը, փորձելու են նման մեթոդներով և կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները խափանելով, բացահայտ սաբոտաժով աստիճանաբար նվազեցնել նոր իշխանության հեղինակությունը և երկրում անկառավարելիության ու քաոսի վիճակ ստեղծել»,- գրել է Տեր-Պետրոսյանը:

Առաջին նախագահն արձանագրում է, որ ցանկացած պետության կայացվածության գլխավոր չափանիշը նրա կառավարելիությունն է, պետական մեքենայի անխափան գործունեությունը, և զուգահեռներ է անցկացնում 90-ականների սկզբի իրադարձությունների հետ. «Նման իրավիճակում Հայոց համազգային շարժումը հայտնվել է իշխանության գալուց և խորհրդարանի ու կառավարության ղեկավարումը ստանձնելուց անմիջապես հետո` շարժման ակտիվիստների և անվերահսկելի տարրերի ինքնագործունեության պատճառով (ՀԱԲ-ի ընդվզում, Արմավիրում և Մեղրիում անվտանգության և ոստիկանության բաժանմունքների գրավում, ճնշումներ շրջանային խորհուրդների կոմունիստ ղեկավարների դեմ, հեռուստատեսության շենք թափանցելու փորձ, Երևանի քաղկոմի (ներկայիս Սահմանադրական դատարանի) շենքի բռնազավթում և այլն): Մեզ հաջողվեց շատ կարճ ժամկետում, գլխավորապես հորդորների, իսկ երբեմն օրենքի գործադրման միջոցով, կարգավորել վիճակը և ապահովել պետության լիակատար կառավարելիությունը: Դրա շնորհիվ էր, որ մենք խուսափեցինք Վրաստանին և Ադրբեջանին բաժին ընկած աղետալի զարգացումներից և արժանացանք միջազգային հանրության հավանությանն ու լիակատար աջակցությանը»,- գրել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Երրորդ հանրապետության արշալույսին Հայաստանի առաջին իշխանություններին հաջողվեց կառավարելի պահել իրավիճակը` չնայած այն սադրելու Մոսկվայի ակնհայտ փորձերին:

Սա հնարավորություն տվեց որոշակիորեն կապիտալացնել 88-ի շարժման արդյունքները` հաղթանակ տանել ղարաբաղյան պատերազմում, և երկրում դնել ժողովրդավարության և ազատ տնտեսության ինստիտուցիոնալ հիմքերը:

Հիմա նույն հրամայականի առջև կանգնած է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որը պարտավոր է հստակ օրինական գործողություններով և ռեֆորմիստական հստակ քաղաքականությամբ կանխել պերմանենտ լարվածության օջախների առաջացումը և հակահեղափոխության ռևանշը: Հակառակ դեպքում՝ թավշյա հեղափոխության հաղթանակը էպիզոդիկ և ոչ ինստիտուցիոնալ կլինի:

Այս սրտացավությունն է նաև Տեր-Պետրոսյանի հոդվածի մոտիվը. «Ներկայիս համաժողովրդական շարժումը պատմական մեծ հաղթանակ է արձանագրել` տապալել է Հայաստանի 20-ամյա բռնապետությունը: Սրանով արդեն Փաշինյանն արժանի տեղ է զբաղեցրել հայոց պատմության մեջ: Ժողովրդի համար մեծագույն հիասթափություն կլինի, եթե նրան չհաջողվի պատվով դուրս գալ նաև ստեղծված այս վտանգավոր շրջափուլից` պատմության մեջ ավելի պատվավոր տեղ զբաղեցնելու համար»:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հնարավորինս արագ պետք է կապիտուլացնի հեղափոխության արդյունքները` զուգահեռաբար հիմքեր ստեղծելով պետական մարմինների բնականոն գործունեության ապահովման և հասարակական կայունության համար: Միևնույն ժամանակ` երեկ տեղի ունեցած հուզումները հուշում են, որ սեղմ ժամկետում արտահերթ ընտրությունների անցկացումը քաղաքական ճգնաժամի հաղթահարման միակ բանալին է: Ուզում ենք վստահ լինել, որ թավշյա հեղափոխության պատմական առաքելությունը պատվով իրականացրած Նիկոլ Փաշինյանը կարող է կառավարման արդյունավետ համակարգ ստեղծել` դնելով ժամանակակից ժողովրդավարական երկրի հիմքերը: Ժողովրդավարական երկրի հատկանիշը ոչ միայն ռեֆորմներն են, այլ նաև կոշտ հակազդեցությունը այն գործողություններին, որոնք ուղղված են երկրի սահմանադրական հիմքերի և կայունության դեմ:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here