2013-ի ապրիլի 13-ին, ՀԱԿ հիմնադիր համագումարում, Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ լավագույն հեղափոխությունը Հայաստանում բուրժուադեմոկրատական հեղափոխությունը կլիներ, և մինչև խոշոր բուրժուազիան չազատվի կապանքներից, Հայաստանը չի բարգավաճի, փոքր ու միջին բիզնեսն էլ չի ծաղկի:

Այն օրերին առաջին նախագահը քաղաքական և գաղափարական հարթության վրա փորձում էր մոտիվացնել իր և Գագիկ Ծառուկյանի համագործակցությունը, հնարավոր փողոցային պայքարը: Տեր-Պետրոսյանի կոնցեպցիան շատերը քննադատեցին` դա համարելով կամ ժամանակավրեպ տեսություն, կամ էլ` համակարգի սեգմենտներից մեկի հետ համագործակցությունն արդարացնելու փորձ:

Բուրժուադեմոկրատական հեղափոխության թեզն ավելի ակտիվ քննադատվեց 2015-ի փետրվարին, երբ դրա ընթացքը ճնշվեց իշխանությունների կոպիտ միջամտության հետևանքով:

Սակայն այս օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ Տեր-Պետրոսյանի թեզը միանգամայն արդարացված էր` հիմքում ունենալով ոչ թե իրավիճակային, այլ խորքային անալիզ:

Դասական իմաստով` Հայաստանում իրապես հաջողություն կարող է ունենալ միայն բուրժուդեմոկրատական հեղափոխությունը, ինչը ենթադրում է, որ հրապարակի տրամադրությունները, փոփոխությունների հրամայականը ստատուս-քվո են փոխում համակարգի ներսում` դրա սեգմենտներից մեկին հակելով համագործակցության հեղափոխության հետ:

2013-2015 թվականներին նման բան տեղի չունեցավ, որովհետև փողոցի էներգետիկան չափազանց թույլ էր և ոչ թե օրակարգ էր թելադրում, այլ ընդամենն օգտագործվում էր ներհամակարգային բազաներում: Հենց դա էր պատճառը, որ 2015-ին Գագիկ Ծառուկյանը հեշտությամբ լոկալացվեց ու ճնշվեց. նա թիկունքում չէր զգում հեղափոխության շունչը, աջակցությունը:

Սակայն Տեր-Պետրոսյանի տեսությունն աշխատեց արդեն 2018-ին, երբ հեղափոխությունը զարգացավ, այսպես կոչված, ներքևից: Հենց Գագիկ Ծառուկյանը դարձավ այն մարդը, որը Սերժ Սարգսյանի հրաժարականից ժամեր առաջ հեղափոխության առջև բացեց համակարգի դռները` կատարելով շրջադարձային քայլ և կանխորոշելով ճգնաժամի քաղաքական, սահմանադրական կարգավորումը:

Դեռևս հայտնի չէ, թե պատմությունն ու սերունդներն ինչ անուն կտան մեր օրերի դրամատիկ իրադարձություններին, սակայն տեղի ունեցածը բնույթով հենց բուրժուդեմոկրատական հեղափոխություն էր, որը, դասական կանոններով, կարելի է ավարտված համարել, երբ երկրում անշրջելի կդառնա ընտրական և քաղաքական ինստիտուտների բնականոն գործունեությունը: Իհարկե, սա տևական գործընթաց է, որը չի սահմանափակվելու մեկ վարչապետի ու կառավարության գործունեությամբ:

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here