Եղեք ուշադիր. հարաբերությունների առաջին կանոնն այն է, որ ոչ մեկին չի կարելի պատմել դրանց մասին ոչ մի ավելորդ բան։

1. Սեռական հարաբերություններ

Կարևոր չէ՝ ուզում եք գլուխ գովալ կամ բողոքել, հաստատ չարժե ընկերների հետ կիսվել սեքսուալ կյանքի մանրամասնություններով։ Հավանաբար ձեր ընկերներն ուզում են հանգիստ նայել ձեր երկրորդ կեսի աչքերին՝ չհիշելով այն ամենը, ինչ պատմել եք, չընկնելով սեքսուալ ֆանտազիաների գիրկը։ Դրանք այնպիսի մանրամասներ են, որ պետք է մնան զույգի ներսում։

2. Զուգընկերոջ դավաճանությունները, որ մտադիր եք ներել

Եթե թողնում եք այն մարդուն, ով ձեզ դավաճանել է, կարող եք չամաչել ու պատմել ամենը, բայց եթե թեկուզ մի կաթիլ ցանկություն ունեք պահպանելու ձեր հարաբերությունները, ոչ մեկին ոչինչ մի պատմեք։ Դուք, հնարավոր է, ուժ գտնեք և ներեք նրան, բայց ձեր ընկերները չեն ների ու միշտ կհիշեն այդ մասին։

3. Կասկածներ, որ նա դավաճանում է ձեզ

Ձեզ թվացել է, թե նա իրեն տարօրինակ է պահում, ինչ-որ մեկի հետ նամակագրություն է ունենում կամ ամենևին էլ աշխատանքի վայրում չէր մնացել, բայց չարժե կիսվել կասկածներով ընկերների հետ, հատկապես եթե այդ դավաճանությունը դեռ միայն ձեր գլխում է։ Լիովին հնարավոր է, որ ձեր կասկածներն անհիմն դուրս գան, բայց ձեր պատմածը կստիպի ձեր ընկերներին նրան պոտենցիալ դավաճան համարել։

4. Զուգընկերոջ անձնական խնդիրները

Որ փուլում էլ գտնվեն ձեր հարաբերությունները, դուք, միևնույն է, երկու տարբեր մարդիկ եք։ Զուգընկերոջ խնդիրները նրա խնդիրներն են։ Դուք կարող եք աջակցել նրան, բայց չպետք է պատմեք այդ մասին մյուսներին, նույնիսկ եթե նրանք կարող են օգնել։ Թող նա ինքը հասկանա՝ ում է ուզում պատմել իր հիվանդությունների, աշխատանքային անհաջողությունների, ծնողների խնդիրների մասին։

5. Նրա վերաբերմունքը ձեր ընկերներից մեկի հանդեպ

Պարտադիր չէ պատմել, որ նա չի սիրում ձեր ընկերներից մեկին։ Դուք այդ կերպ անհարմար դրության մեջ կդնեք միանգամից բոլորին։

6. Վեճեր և դժգոհություններ

Հնարավոր է՝ ձեզ թվում է, որ ընկերները հենց դրա համար են, որպեսզի կարողանաք դժգոհել զուգընկերոջից, բայց ձեզ դրեք նրանց տեղը։ Եթե ձեզ որևէ մեկն անընդհատ պատմի մեկի թերությունների մասին, ձեզ մոտ հարց չի՞ առաջանա, թե ինչ իմաստ կա շարունակելու այդ հարաբերությունները։ Սակայն կարևոր է հասկանալ, որ սա վերաբերում է մանր, առօրյա խնդիրներին, ընդհարումներին, որոնք տրամադրություն են փչացնում, բայց չեն սպառնում ձեր հոգեկանին, առողջությանը կամ կյանքին։ Եթե կասկածում եք, որ խճճվել եք անառողջ հարաբերությունների մեջ, պատմեք ձեր խնդիրների մասին ու ստացեք օգնություն։

7. Հաղորդագրություններ և լուսանկարներ

Մեսինջերների շնորհիվ որոշ բաներ կարելի է ընկերներին ոչ միայն պատմել, այլև ցույց տալ։ Եթե ուզում եք կիսվել նամակագրության որևէ հատվածով կամ ծիծաղելի լուսանկարներով, նախ՝ հարցրեք նրան՝ կարելի՞ է դա անել, թե՞ ոչ։

8. Նրա թուլությունները

Պատմելով ձեր զուգընկերոջ թույլ կողմերի մասին՝ ձեր զրուցակցին տալիս եք զենք նրա դեմ։ Հնարավոր է, որ պատմում եք նրա կոմպլեքսների, թերությունների և տարօրինակ սովորությունների մասին ոչ թե չարամտորեն, այլ որովհետև դա ձեզ զվարճալի է թվում, բայց այս կերպ դուք նրան ծիծաղի առարկա եք դարձնում։ Կարևոր է սկզբում մտածել, հետո միայն՝ խոսել։

Աղբյուր

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here