13:35

Ցուցարարների մի հոծ խումբ գտնվում է Երևանի Ֆրանսիայի հրապարակում, որտեղից ժամեր անց քայլերթով շարժվելու են դեպի Հանրապետության հրապարակ:

13:27

Փակվել է նաև Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկը:

13:10

Քաղաքացիական անհնազանդության գործողություններին միացել են նաև Արտաշատի քաղաքացիներն ու դպրոցականները: Նրանք փակել են Երևան-Արտաշատ մայրուղին:

Tert.am-ի թղթակիցը նշեց, որ Արտաշատի մայրուղին փակել են Խոր Վիրապ համայնքի աշակերտները: Նրանց միացել են մարզի Տափերականի, Լուսառատի և հարակից այլ համայնքների բնակիչներ:

Ցուցարարաները նշեցին, որ պատրաստվում են ճանապարհը ևս մեկ ժամ փակ պահել, որից հետո նախատեսում են երեկոյան գալ Երևան և մասնակցել հանրահավաքին:

13:06

Ուսանող-ցուցարարները շարունակում են իրենց քայլերթը: Բժշկական համալսարանից հետո նրանք ակցիա իրականացրին Պոլիտեխնիկական և Ագրարային համալսարանների դիմաց:

12:42

Ուսանողները բոլոր կողմերից փակել են Բժշկական համալսարանի դիմացի տարածքը՝ Աբովյան-Կորյուն խաչմերուկը:

12:33

Բողոքի ակցիաներ են իրականացնում նաև Արտաշատի դպրոցականները: Նրանք «միացե՛ք» վանկարկումներով քայլերթ են իրականացնում քաղաքի փողոցներով: Դպրոցականները նշում են, թե գրեթե ամեն օր իրենք դուրս են գալիս բողոքի ցույցի:

12:25

Ուսանողական շարժման անդամ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ ուսանողներով հավաքվել և քննարկել են խնդիրներ:

«Մեզ մոտ արդեն արմատավորվել է,  և մենք զգում ենք, որ հաղթանակը շատ մոտ է, բայց մի քանի կարևոր հարցեր կան, որ ուսանողներով պետք  է շեշտենք: Առաջինը բուհերի ապակուսակցականությունն է»,- ասաց նա:

Դավիթ Պետրոսյանն ասաց, որ հեղափոխությունից հետո բուհերի ղեկավար կազմում չպետք է լինեն կուսակցական անձիք:

«Մենք կարծում ենք, որ բուհում կուսակցական անձի ներկայացվածությունը բացասական ազդեցություն է ունենալու բուհի ինքնիշխանության, կրթության որակի վրա»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ ուսխորհուրդների ղեկավար մարմնում ևս չպետք է լինեն կուսակցական մարդիկ:

«Շատ կարևոր է, որ համալսարանում ազատ խոսքը, միտքը չհետապնդվի: Կուրսի ավագները ոչ թե պետք է զբաղվեն դեկանատի հրամաններն իրականացնելով, պարզելով, թե կուրսում ով է ուրիշ բաներ խոսում, այլ պետք է իրենց պարտականությամբ զբաղվեն»,- ասաց նա:

Նա նշեց, որ համալսարանում պետք է լինի նորմալ կրթական, ակադեմիական մթնոլորտ, այլ ոչ համալսարանը լինի գաղջ, տխուր, հիասթափեցնող ինչ-որ մի խումբ մարդկանց շահերը սպասարկող ինչ-որ կառույց:

12:15

«Իմ քալլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի սատարողների մի մասն էլ գտնվում է Հանրապետության հրապարակում: Ցուցարարները հրապարակի կողմից փակել էին Ամիրյան փողոցը, ինչպես նաև Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկը:


——————————

Աբովյան փողոցի Ավետիք Իսահակյանի հուշարձանի հարակից տարածքից մեկնարկեց ուսանողական երթը:

Ուսանողական շարժման անդամ Դավիթ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլոր համալսարաններով կմիավորվեն և կգնան Ֆրանսիայի հրապարակ, ապա՝ հանրահավաքի:

Նա ներկայացրեց երթուղին՝ ԵՊՀ-ից կքայլեն դեպի Բժշկական համալսարան, Ագրարային, Պոլիտեխնիկ, Բրյուսով, Թատերական համալսարան, ինչից հետո կգնան Ազատության հրապարակ:

Հարցին, թե փողոցներ կփակեն, Դավիթ Պետրոսյանն ասաց, որ ընթացքում կհասկանան՝ փողոց կփակեն, թե ոչ: Ըստ նրա՝ երթը հավանաբար կտևի մինչև ժամը 15:00-ն:

Նշենք, որ ուսանողները քայլերթն անվանել են «Ուսանողական զարթոնք. մեր վերջին քայլը»: Դավիթ Պետրոսյանը մեկնաբանեց, թե ուսանողական զարթոնք են բնորոշել, որովհետև հենց ուսանողներն ունեցան մեծ ազդեցություն քաղաքական գործընթացների վրա:

«Սա  առաջին շարժումն էր, որ ուսանողների ներգրավվածությունը մեծ էր, և այն բեկումնային էր, քանի որ ՀՀ-ում ամենակարևոր հարցն է որոշվում»,- ասաց նա և հույս հայտնեց, որ կլինի վերջին քայլը գրանցված մի շարք հաղթանակներից հետո:

«Հաղթանակն ամբողջովին դեռ տեղի չի ունեցել»,- ասաց նա:


Աղբյուր 

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here